Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ճապոնական համագործակցության գործնական բաղադրիչների շուրջ՝ հաշվի առնելով ինչպես այսօրվա՝ նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը, այնպես էլ ապագա ծրագրերը: Դեսպան Յամադան ներկայացրել է համաճարակային իրավիճակը Ճապոնիայում և դրան առնչվող միջոցառումները: Քննարկվել են փոխօգնության հնարավորությունները ստեղծված պայմաններում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության, և, մասնավորապես, նոր կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ թեստերի խմբաքանակի տրամադրման համար:
Հանդիպմանը խոսվել է նաև տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, նորարարության, միջուկային անվտանգության թափոնների կառավարման ոլորտներում և նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման մասին: