Երեկ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց և քվեարկեց «Դատական օրենսգրքում» փոփոխությունների փաթեթը։ Այս նոր փոփոխությունների շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։
-Երեկ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց և քվեարկեց «Դատական օրենսգրքում» փոփոխությունների փաթեթը։ Առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նաև Դուք հանդես եկաք բազմաթիվ առաջարկություններով։ Ընդունվե՞լ են արդյոք այդ առաջարկությունները, և ինչպե՞ս եք գնահատում օրինագծի վերջնական տարբերակը։
-Պետք է ասեմ, որ շատ հիասթափված եմ երկրորդ ընթերցմանը կառավարության ներկայացրած օրինագծից։ Նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը խորհրդարանում անցավ շատ բուռն, հնչեցին տասնյակ սկզբունքային առաջարկություններ, և մենք հույս ունեինք, որ երկրորդ ընթերցման ժամանակ դրանց գոնե մի մասը կընդունվեր, ինչը, սակայն, տեղի չունեցավ։ Խոսքը առաջին հերթին նախագծի փիլիսոփայության, գաղափարաբանության մասին էր, այն մասին, թե արդյոք նոր «Դատական օրենսգիրքը» վերաբերելո՞ւ է նաև անցյալին, հնարավորություն տալո՞ւ է մաքրել դատական համակարգը անցած տասնամյակների արատներից, թե՞ այն միայն ապագայի մասին է։ Միանգամից ասեմ՝ կառավարության ներկայացրած փաթեթը առավելապես վերաբերում է ապագային։ Բանն այն է, որ օրենսգրքում մենք ամրագրել ենք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ իրականացնելու դրույթ, և սկզբունքային նշանակություն ուներ, թե որ ժամանակահատվածն է ներառելու այդ դրույթը։ Ես, օրինակ, առաջարկում էի այն տարածել ընդհուպ 1991 թվականից սկսած ժամանակահատվածի վրա, քանի որ, իմ խորին համոզմամբ, մեր դատական համակարգի արատները սկզբնավորվել են հենց անկախության առաջին օրերից։ Քննարկումների ժամանակ հնչեցին նաև այլ ժամանակային առաջարկություններ, որոնց մեծ մասի իմաստն այն էր, որ կարգապահական վարույթ հարուցելու դրույթը վերաբերի առնվազն 2008 թվականի Մարտի 1-ի գործերին ու հանրային գերակա շահի անվան տակ մեր հարյուրավոր քաղաքացիներին սեփականությունից զրկելու գործերն ընդգրկող ժամանակահատվածին։ Օրենսգրքի վերջնական տարբերակում, սակայն, կարգապահական վարույթ հարուցելու դրույթը վերաբերում է 2011 թվականից հետո ընկած ժամանակահատվածին, ինչն ուղղակի խայտառակություն է ու անթույլատրելի։ Որովհետև ստացվում է, որ մենք այս օրենսգրքով ըստ էության համաներում ենք հայտարարում 2008 թվականի Մարտի 1-ի գործերով կայացված խայտառակ դատավճիռների հեղինակ դատավորներին, սեփականության իրավունքից զրկելու գործերով կայացված ապօրինի վճիռների հեղինակ դատավորներին։ Այդ դատավորների զգալի մասը, ի դեպ, շարունակում է աշխատել նաև այսօր։ Ու ստացվում է, որ մենք ըստ էության հանցագործ, ապօրինությունների հեղինակ դատավորներով ուզում ենք կառուցել արդար, անկախ ու արդյունավետ գործող դատական համակարգ, ինչը առնվազն անիրատեսական է, եթե չասեմ՝ ծիծաղելի։ Այն դեպքում, երբ մենք հենց այս օրենսգրքով պետք է հիմք դնեինք այն կենսական գործընթացների մեկնարկին, որոնց մասին խոսվում է թավշյա հեղափոխությունից հետո՝ վեթինգ, անցումային արդարադատություն, բարեվարքության կանոններ և այլն։
-Այսինքն՝ վեթինգը կամ անցումային արդարադատությունը այս օրենքի ընդունումից հետո անիրագործելի՞ կդառնան։
-Ոչ, իհարկե, անիրագործելի չեն դառնա։ Մենք պետք է շարունակենք աշխատել այլ օրենքներում, այլ նորմատիվ ակտերում փոփոխությունների, նոր օրենքների ընդունման ուղղությամբ, որոնք հնարավորություն կտան իրականացնելու վեթինգն ու անցումային արդարադատությունը։ Պարզապես «Դատական օրենսգիրքը» կարող էր անկյունաքարային նշանակություն ունենալ այդ գործընթացների համար, մինչդեռ նման տեսքով օրենսգիրք ընդունելով մենք բաց թողեցինք այդ հնարավորությունը։ Օրենսգիրքն այս տեսքով, կրկնում եմ, վերաբերում է առավելապես ապագային, ապագա դատավորների բարեվարքությանը, ինչը, բնականաբար, չափազանց կարևոր է։ Սակայն մենք չենք կարող ունենալ արդյունավետ դատական համակարգ, եթե այն չմաքրենք անցյալի արատներից ու խարաններից։ Այս տեսքով «Դատական օրենսգիրք» ընդունելով մենք այդ խնդիրը չլուծեցինք։