«Ամենեւին խուճապի մատնվել պետք չէ, հարկավոր է ինքնամեկուսացվել, բայց դա չի նշանակում, որ պետք է փակվել տանն ու ոչնչով չզբաղվել: Ես, օրինակ, մեկնել եմ հայրական գյուղ, ընկերներիս՝ Արմեն Վարդանյանի եւ Դավիթ Թադեւոսյանի հետ արդեն երկրորդ ներկայացմանս սցենարն ենք գրում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասան Ռաֆայել Երանոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը:
Նրա համոզմամբ՝ այս օրերին հայ ժողովուրդը դրսեւորվում է իր լավագույն որակներով.
«Մենք՝ հայերս, երբ հասկանում ենք, որ դանակը հասել է ոսկորին, միաբանվում ենք, հրաշալի ինքնակազմակերպվում: Իրոք, վերջին տասը օրվա ընթացքում կարողացանք մեկս մյուսիս թեւ ու թիկունք լինել: Գուցե նաեւ դա էր պատճառը, որ մեր երկրում կարողացանք արդեն կորոնավիրուսի տարածման օջախներից մեկը փակել: Թե կառավարությունը, թե ժողովուրդը ամեն մեկն իր տեղում լավ է դրսեւորում իրեն: Վստահ եմ, որ շուտով այս ամենը դառնալու է անցյալ, մենք անցնելու ենք մեր բնականոն կյանքին եւ հաջողությամբ հաղթահարելու ենք խնդիրը»:
Դերասանը ինքնամեկուսացման պահին անգամ փորձում է լավատես լինել: Նա ժամանակն օգտագործում է մտերիմների, ընտանիքի անդամների հետ շփվելու, սիրելի գործով զբաղվելու համար. «Հասկացա, որ կարոտել էի ընտանիքիս, հիշեցի, որ տնական կերակուրը համեղ է… Այնքան մանրուքներ կան, որոնք սովորական օրերին անտեսում ենք, իսկ հիմա արդեն դրանք այլ լույսով ներկայացան մեզ եւ սկսեցինք գնահատել մեր ունեցածը, վերարժեւորել մեր կյանքը»,-եզրափակեց Ռաֆայելը:
Նա կոչ արեց մնալ տանը, հետեւել արտակարգ դրությամբ պայմանավորված ցուցումներին, կրել սոցիալական պատասխանատվություն դիմացի նկատմամբ:
Անի Անտոնյան