«Բարսելոնայում» Նեյմարի միջոցով կփորձեն պահել Մեսսիին. կատալոնական ակումբում շրջադարձային փոփոխություններ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի դեռ գրեթե ողջ Եվրոպայում դադարեցված են ֆուտբոլային առաջնությունները, գրանդ ակումբները սկսել են մտածել ամառային տրանսֆերային պատուհանի մասին։ Դեռեւս պարզ չէ՝ ընթացիկ մրցաշրջանը կշարունակվի, թե կդադարեցվի։ Ելնելով այդ սարսափելի փաստից՝ շատերը սկսել են մտածել արդեն հաջորդ մրցաշրջանի մասին՝ կազմելով իրենց ամառային տրանսֆերային ծրագրերը։

Այսօր կանդրադառնանք եվրոպական գրանդ ակումբներից կատալոնական «Բարսելոնային», որտեղ սպասվում են արմատական փոփոխություններ։ Կատալոնիայի մայրաքաղաքը ներկայացնող թիմում քաոսային վիճակ ստեցղծվեց արդեն թիմի նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի գլխավորության ժամանակ։ Թվում էր՝ Վալվերդեի հեռանալուց հետո շատ բան կփոխվի, սակայն ամեն ինչ գրեթե մնացել է նույնը։ Ակումբի ղեկավարությունը որոշում կայացրեց թիմի գլխավոր մարզիչ նշանակել Կիկե Սետյենին։ Նրա գլխավորության շրջանում «Բարսելոնան» առաջատարն է Լա լիգայում, հաղթում է խաղերի մեծամասնությունում, սակայն դրանք այն հաղթանակներն են, որտեղ թիմը պարտավոր էր հաղթել, այսինքն՝ որակական առումով շատ բան «բլաուգրանայում» դեռեւս չի փոխվել։

Իսպանական մի շարք պարբերականներ պնդում են, որ առաջիկա ամռանը թիմում արմատական փոփոխություններ կլինեն։ Կան խոսակցություններ, որ «Բարսելոնան» կբաժանվի թիմի միանգամից 8 ֆուտբոլիստներից։ Ըստ Sport.es-ի՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «կապտանռնագույնների» ճամբարը կլքեն Իվան Ռակիտիչը եւ Արտուրո Վիդալը, որոնց պայմանագիրը ավարտվում է 2021 թվականի ամռանը։ Նշվում է, որ իսպանական ակումբը ցանկանում է անվճար բաց չթողնել ֆուտբոլիստներին, այդ պատճառով էլ պատրաստ է նրանց ծառայություններից հրաժարվել արդեն առաջիկա ամռանը։ Թիմը կարող են լքել նաեւ դարպասապահ Նետուն, պաշտպաններ Սամուել Ումտիտին ու Ժունիոր Ֆիրպոն, կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն ու թիմի նորեկ Մարտին Բրեթուեյթը։

Կատալոնացիների ամենախոշոր վաճառքը կլինի թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, ում ակումբը, ամենայն հավանականությամբ, կհանի տրանսֆերի կամ կփորձի օգտագործել ՊՍԺ-ի բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարին ձեռք բերելու համար։

Այո, Նեյմարի ու «Բարսելոնայի» մասնակցությամբ «սերիալի» նոր եթերաշրջանը կարող ենք դիտել արդեն այս ամռանը։ «Բարսելոնայի» նախագահը՝ Խոսեպ Մարիա Բարտումեուն, երազում է իր թիմի մարզաշապիկով տեսնել նաեւ Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին։ Այստեղ էլ «կապտանռնագույններին» կարող է օգնության գալ թիմի բրազիլացի կիսպաշտպան Ֆելիպե Կոուտինյոն, ով այժմ վարձակալական հիմունքներով խաղում է Մյունխենի «Բավարիայում»։ Բրազիլացին կարող է վերադառնալ հարազատ Միլան քաղաք եւ հնարավորություն տալ «Բարսելոնային» իրագործել վաղեմի երազանքը։ Եվ վերջում անդրադառնանք թիմի առաջատար Լեո Մեսսիին. կան խոսակցություններ, որ արգենտինացին կհեռանա հարազատ ակումբից, եթե ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չվերադառնա Կատալոնիայի մայրաքաղաք։

Հաշվի առնելով այն, որ Մեսսին պայմանագրում առկա կետի շնորհիվ կարող է լքել «Բարսելոնան» յուրաքանչյուր ամառ, եւ այն, որ արգենտինացին պատրաստ է երկարաձգել թիմի հետ գործող պայմանագիրը մինչեւ 2022 թվական, փաստում են՝ Լեոն երկընտրանքի մեջ է։ Մեսսիի հեռանալը կարող է լուրջ հարված լինել Իսպանիայի գործող չեմպիոններին, այդ մասին բոլորիցս լավ հասկանում է Խոսե Մարիա Բարտումեուն, ով արդեն բանակցություն էր վարում Լեո Մեսսիի հոր՝ Խորխե Մեսսիի հետ։

Դե ինչ, Կիկե Սետյենը գլխավորեց «Բարսելոնան»՝ իրականացնելով իր երազանքը։ Կատալոնական թիմում, մեղմ ասած, լավ ժամանակներ չեն, եւ հին ու բարի ժամանակները հետ բերելը վստահված է իսպանացի մասնագետին, ով կա՛մ կամրապնդվի իսպանական գրանդում, կա՛մ կդառնա հերթականներից մեկը։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս