Երկար ժամանակ է, ինչ տարբեր հարթակներում քննարկումներ են տեղի ունենում ԱՄՆ-ի՝ Արցախին տրվող օգնության ծրագրի դադարեցման վերանբերյալ։ ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ։
«Ականազերծման համար Արցախին տրամադրվող օգնությունն ի սկզբանե եղել է սահմանափակ քանակով և ժամանակով, եթե չեմ սխալվում ծրագիրը սկսվել է 2000 թվականից։ Հայկական կողմն այս պահի դրությամբ ակտիվորեն աշխատում է, որ որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունը, կոնգրեսը հայանպաստ որոշում ընդունեն»,-ասաց նա։
Շիրակ Թորոսյանը տարակուսեց պատասխանել, թե ինչքանով կկարողանանք ազդել ԱՄՆ-ի կառավարության որոշումների վրա, սակայն , ըստ մեր զրուցակցի՝ անկախ որոշումից պետք չէ ողբերգություն սարքել։
«Դեռ ամեն ինչ վերջացած չէ, հարցը քննարկումների փուլում է, և հույս ունենանք, որ Արցախին մարդասիրական աջակցությունը կրկին կյանքի կկոչվի։ Իսկ եթե որոշվի, որ այլևս չեն տրամադրելու օգնություն, ապա ականազերծման գործողությունները պետք է իրականացվեն Արցախի պետական բյուջեի հաշվին»,-նկատեց նա։
Հարցին՝ Արցախում նախընտրական պայքարը բավականին լարված մթնոլորտում է անցկացվում։ Ի՞նչ եք կարծում ընտրությունների երկրորդ փուլ կլինի, թե ոչ, Շիրակ Թորոսյանն ասաց․
«Չէի ասի, որ թեժ կամ լարված մթնոլորտ է Արցախում, այնտեղ և՛ խորհրդարանական և՛ նախագահական ընտրություններ են։ Բարեբախտաբար քարոզարշավին ավելի մեծ քանակով կուսակցություններ և թեկնածուներ են ընդգրկված, ինչը ես շատ բարձր եմ գնահատում ժողովրդավարության տեսակետից ելնելով։ Ինչ վերաբերվում է երկրորդ փուլ կլինի, թե չէ, դժվարանում եմ կանխատեսել, հնարավոր է, քանի որ թեկնածուները և կուսակցությունները շատ են։ Ես չեմ ուզում անշնորհակալ գործ կատարել և ոչ ճիշտ կանխատեսումներ անել»։
Լիդա Եղիազարյան