Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստերով կազմվել է 349 արձանագրություն. ինչ իրավիճակ է Երևանում և մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։

Մարտի 26-ին` ժամը 9-18-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 349 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 18-ը՝ 635 անձի նկատմամբ, 299՝ մայրաքաղաքում, 336-ը՝ մարզերում։

Մարտի 26-ին ժամը 9-ից 18-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 491 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 18-ը՝ 1176 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 26 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևորներ։

Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։




Լրահոս