Հարգելի քաղաքացիներ:
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության եւ տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ եւ Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Բացառություն կարվի.
– Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող անձանց,
– բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այդ թվում բեռնատարների համար՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում,
– Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց եւ լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։