«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու է առաջադրել ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանին: Մեր տեղեկություններով՝ այսօր նախատեսված է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հանդիպում կունենա խորհրդի անդամի թեկնածուի հետ։
Հիշեցնենք, որ ամռանը լրանալու է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի երկրորդ պաշտոնավարման ժամկետը, եւ իշխանությունները, փաստորեն, արդեն ունեն իրենց թեկնածուն։ Իսկ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էլ այդ հարցը կքննարկվի արդեն մարտի 31-ին։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարտին Գալստյանը Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին տնօրենն է եղել, իսկ 2018 թվականի սեպտեմբերին, երբ դեռ իշխանությունը ՀՀԿ-ականների ձեռքում էր, նրանք են առաջադրել Գալստյանի թեկնածությունը ԿԲ խորհրդի կազմում։ Հավելենք, որ տեւական ժամանակ խոսք էր գնում, թե ԿԲ ապագա նախագահը լինելու է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Բայց, կարծես թե, իշխանությունների պլաններում բան է փոխվել, եւ այլ թեկնածու է ի հայտ եկել: Դե, իհարկե, չպետք է բացառենք, որ ԱԺ-ն կարող է տապալել նաեւ ԿԲ նախագահի նշանակման գործընթացը, ինչպես եղավ ԲԴԽ նախագահի, ՍԴ անդամի մի քանի թեկնածուների դեպքում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։