Մեղրիի անցակետի ծրագիրը հաստատվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը երեկվա նիստում հաստատել է Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ այս տարվա փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը՝10.52 մլն եվրո արժողությամբ: Ի դեպ, նշված դրամաշնորհային միջոցները տրամադրվելու են Եվրոպական միության կողմից Հարեւանության ներդրումային գործիքի ներքո:

Ծրագրով պետք է ֆինանսավորվի Հայաստանի հարավային սահմանի երկայնքով՝ Մեղրի քաղաքի մոտակայքում ներկայիս սահմանային անցակետի արդիականացումն ու ընդլայնումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Մեղրի մաքսային կետով սահմանահատած բեռնատարների թիվը կազմել է մոտ 2000, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում` մոտ 4150։ Իսկ, ահա, մարդատար ավտոմեքենաների թիվը 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին կազմել է 10850, իսկ 2019 թվականի նշված ամիսներին` 18075, 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին ուղեւորների հոսքը կազմել է 55500, 2019 թվականին` 124000:




Լրահոս