Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Արտակ Մանուկյանն ու Վարազդատ Կարապետյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի պատճառը Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն է։ Մասնավորապես, նրանք առաջարկում են փոփոխություններ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ ամրագրել, որ խորհրդի որոշումները կարող են ընդունվել առանց նիստ անցկացնելու (առանց օրակարգի հարցերի քննարկման եւ քվեարկության դրված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նպատակով խորհրդի անդամների համատեղ ներկա գտնվելու)` անցկացնելով հեռակա կաարգով քվեարկություն կամ իրական ժամանակում առցանց քվեարկություն:
Որպես հիմնավորում՝ պատգամավորները նշում են, որ պայմանավորված Հայաստանում արտակարգ դրությամբ՝ բազմաթիվ հաստատություններ անցել են աշխատանքի հեռահար ռեժիմի, իսկ այդպես խնդիր է դառնում նիստերի անցկացումը, երբ օրենքով կանոնակարգված չէ դրանց հեռահար անցկացնելու հնարավորությունը։ Եվ պատգամավորների այս որոշումը միտված է հենց դրան։ Ներդրվելու է էլեկտրոնային քվեարկություն հասկացությունը, որն էլ հնարավորություն կտա առցանց քվեարկություն անցկացնել։ Նկատենք, սակայն, որ նախագիծը դեռ նոր է ներկայացվել եւ դեռ պետք է քննարկվի։