«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հայաստանում ընտրությունները կազմակերպվում են ԿԸՀ կողմից ձեւավորված տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից։ Ներկայումս Հայաստանում գոյություն ունի 41 տարածքային հանձնաժողով, որոնք բաշխված են ըստ ընտրատարածքների։ Հանձնաժողովներից 10 ընդգրկում են Երեւանի համայնքները, մնացած 31-ը համապատասխանաբար բաշխված են հանրապետության ողջ տարածքով։
«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ գործող իշխանությունը քննարկում է ՀՀ ընտրական քարտեզը վերաձեւափոխելու եւ իրենց քիմքին հաճելի բաշխվածություն ապահովելու հարցը։ Ընդ որում, ներկայիս վիճակը չի խանգարում, որ այդ թեմայով քննարկումները շարունակվեն:
Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ, մարզային որոշ հատվածներում համայնքային խիտ բնակեցվածության հետ կապված, վերահսկելիության առումով որոշ վերահսկելի խնդիրներ են առաջանում։
Այլ կերպ ասած՝ իշխանությունները ձեռնամուխ են եղել փոխել առկա ընտրական քարտեզը՝ իրենց համար ռիսկային տարածքները վերաձեւափոխելու միջոցով։ Ի դեպ, ժամանակին նախկին իշխանությունները նույնպես տարածքները «դասավորել» էին իրենց քաղաքական քմահաճույքին համապատասխան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։