ՏԵՍԱՆՅՈւԹ. Ով է իշխանության ԿԲ նախագահի թեկնածուն. որոշումը կայացված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու է առաջադրել ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանին: Եվ, ըստ մեր տեղեկությունների, այսօր նախատեսված է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը  հանդիպում կունենա Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու Մարտին Գալստյանի հետ:

Նշենք, որ ամռանը կլրանա ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի երկրորդ պաշտոնավարման ժամկետը, եւ իշխանությունները ընտրել են Մարտին Գալստյանին` որպես իրենց թեկնածու: Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից: Կենտրոնական բանկի խորհրդի հինգ անդամներին, ինչպես նաեւ ԿԲ նախագահին ընտրում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը վեց տարի ժամկետով:

Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն էլ մարտի 31-ին՝ ժամը 10.00-ին է նիստ հրավիրել, որի օրակարգում կրկին մեկ հարց է՝ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ: Բայց այն ավելի պարզ կդառնա խմբակցությունների հետ հանդիպումներից, ինչպես նաեւ հանձնաժողովի նիստի քննարկումից հետո:

Նշենք, որ Մարտին Գալստյանը Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին տնօրենն է եղել, ու, կարելի է ասել, նախկին իշխանությունները եւս մշտապես հիացած են եղել Գալստյանի աշխատանքներով: 2018 թվականի սեպտեմբերին, երբ դեռ իշխանությունը ՀՀԿ-ականների ձեռքում էր, նրանք են առաջադրել Գալստյանի թեկնածությունը ԿԲ խորհրդի կազմում, անգամ ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը հայտարարել էր, որ տպավորված է Գալստյանով: Վերջինս աշխատանքային գործունեությունն էլ Կենտրոնական բանկում սկսել է Վիճակագրության վարչության բաժնի պետի պաշտոնից ու քիչ-քիչ առաջադիմել է, ու այսօր էլ իշխանությունները նպատակ ունեն նրան կարգել ԿԲ նախագահ:

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ խոսք էր գնում՝ ՀՀ ԿԲ ապագա նախագահը լինելու է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Բայց, կարծես թե, իշխանությունների պլաններում բան է փոխվել, եւ այլ թեկնածու է ի հայտ եկել: Եւ նշվում էր նույնիսկ, որ ԿԲ նախագահի պաշտոնի համար Մհեր Գրիգորյանը, կաշվից դուս գալով, բանակցեց ռուսական կողմի հետ գազի սակագինը մինչեւ ապրիլ չբարձրացնելու համար, բայց, փաստորեն, ԿԲ նախագահի պաշտոնը այլ մարդու է տրվելու: Հետաքրքիր է` ինչու եւ ինչպես այդպես ստացվեց: Դե, իհարկե, չպետք է բացառենք, որ ԱԺ-ն կարող է տապալել նաեւ ԿԲ նախագահի նշանակման գործընթացը, ինչպես եղավ ԲԴԽ նախագահի, ՍԴ անդամի մի քանի թեկնածուների դեպքում:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս