Մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած առանձին հրապարակումներում անհարկի շահարկվում է մատակարարված բնական գազի դիմաց բնակիչ-բաժանորդների կողմից սահմանված ժամկետներում համապատասխան վճարումներ չկատարելու դեպքում ԳՄՕԿ-ով և բնական գազի մատակարարման պայմանագրերով նախատեսված գազամատակարարման դադարեցման գործընթացը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Պարետի որոշումները և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունը առ այն, որ ստեղծված իրավիճակը բնակիչ-բաժանորդների կողմից վճարումներ կատարելու համար մինչև արտակարգ դրության ավարտը ճանաչվել է խոչընդոտող ֆորս մաժոր՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված արտակարգ դրության ավարտը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից:
Միաժամանակ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ ս.թ. մարտի 26-ի դրությամբ հանրապետության բնական գազի սպառման կառուցվածքում բնակիչ-բաժանորդներին փետրվար հաշվարկային ամսին մատակարարված գազի դիմաց պարտքը կազմում է շուրջ 4 մլրդ 800 մլն դրամ, որից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկված բնակիչ-բաժանորդների պարտքը կազմում է 315 մլն դրամ, ընդ որումսս, մատակարարված բնական գազի դիմաց պարտքի գումարային առումով 93,4 տոկոսը չի վերաբերում սոցիալապես անապահովներին, մինչդեռ փետրվար ամսին մատակարարված գազի դիմաց չվճարող որոշ բնակիչ-բաժանորդների պարտքը կազմում է մինչև 900 հազար դրամ: