Հույս ունեմ, որ Հայաստանի և Ղազախստանի հավաքականները դեռ մրցելու առիթ կունենան. Տիգրան Բարսեղյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակի մասին. «Արդեն մի քանի օր է՝ բնակվում եմ հյուրանոցում:

Պայմանները շատ լավն են, ոչնչի կարիք չունեմ: Իրավիճակը, ընդհանուր առմամբ, նորմալ է: Կարողանում ենք դուրս գալ հյուրանոցից, զբոսնել կամ գնալ խանութ: Ղազախստանում խուճապային իրադրություն չկա, մարդիկ հանգիստ են մոտենում ստեղծված իրավիճակին և պահպանում են անվտանգության բոլոր նորմերը: Մարզումներն անցկացնում ենք մարզասրահում, անընդհատ կապի մեջ ենք ակումբի և մարզիչների հետ:

Շատ եմ ափսոսում, որ Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումը չկայացավ: Շատ էի սպասում այդ խաղին: Ղազախստանում ևս հետաքրքրությունը շատ մեծ էր: Մյուս կողմից, հասկանում եմ, որ ամբողջ աշխարհում է նույն իրավիճակը, իսկ մարդկանց առողջությունն ամենակարևորն է: Հույս ունեմ, որ Հայաստանի և Ղազախստանի հավաքականները դեռ մրցելու առիթ կունենան»,- ասել է Տիգրան Բարսեղյանը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս