Պետք է զգոն լինենք, որ կարողանանք հաղթահարել այս փորձությունը. Գեւորգ Կասպարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեւորգ Կասպարով. «Պետք է զգոն լինենք` հաղթահարելու փորձությունը»
Եվրոպական գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնություններում շարունակվում է դադարը՝ կապված COVID-19 կորոնավիրուսի տարածման հետ։ Հայաստանի բարձրագույն խմբի եւ Առաջին խմբի առաջնություններում նույնպես դադար է։ Դեռ պարզ չէ՝ երբ կվերսկսվի մրցաշրջանը։ Պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակի եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Գանձասար – Կապանի» դարպասապահ Գեւորգ Կասպարովի հետ։

-Հայաստանի բարձրագույն խմբում դադար է՝ կապված COVID-19 կորոնավիրուսի տարածման հետ։ Կասեցված են նաեւ մյուս ֆուտբոլային (ոչ միայն) առաջնությունները։ Ինչո՞վ եք զբաղվում այս ընթացքում։

-Այս դադարի դրական կողմն այն է, որ կարողանում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ։ Երկար ժամանակ տանը չեմ եղել եւ հիմա, այսպես ասած, 24 ժամ ընտանիքիս հետ եմ։ Զբաղվում եմ երեխաներիս հետ եւ նաեւ միասին մարզվում ենք։

-Դադարեցված են նաեւ մարզումները։ Մարզվում եք տնայի՞ն պայմաններում, եւ, ըստ Ձեզ, այդպիսի ռեժիմով մարզումները որքանո՞վ կարող են օգնել մարզավիճակը պահպանելուն։

-Արտակարգ իրավիճակը շատ կարեւոր է հիմա, քանի որ ողջ աշխարհը պայքարում է վրա հասած չարիքի դեմ։ Պետք է զգոն լինենք եւ կարողանանք հաղթահարել այս փորձությունը։ Մարզվում ենք անհատական ծրագրով. չգիտենք՝ երբ են սկսվելու մարզումները, խաղերը, ուստի պետք է պատրաստ լինենք ամեն պահ։

-Ինչպե՞ս թիմը ընդունեց առաջնության դադարեցման մասին լուրը։ Արդյոք թիմում կա՞ր խուճապային տրամադրություն։

-Ոչ, խուճապային տրամադրություն թիմում չկա, ամեն ինչ նորմալ է. ինչպես բոլորը, այնպես էլ մենք։

-Ըստ ՁԵզ՝ այս դադարը ֆուտբոլային առումով ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ «Գանձասար-Կապանի» եւ առաջնության հետագա ընթացքի վրա։

-Ճիշտն ասած, ոչինչ ասել չեմ կարող. չգիտեմ՝ դադարը ինչ կտա թիմին։

-Առաջնության առաջին հատվածի ավարտից հետո ուսումնամարզական հավաք անցկացրիք Կատալոնիայում։ Դրանից հետո երեք պաշտոնական հանդիպում անցկացրիք, նախ 0։2 հաշվով պարտվեցիք «Փյունիկին», ապա ոչ-ոքի՝ 2։2 հաշվով ավարտեցիք «Ալաշկերտի» դեմ խաղը, ապա VBET Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում 0։1 հաշվով զիջեցիք «Արարատ – Արմենիային»։ Այդ խաղերում թիմը այդքան էլ լավ տպավորություն չթողեց։ Գրանցված արդյունքները եւ թիմի խաղի որակի որոշակի նվազումը կարելի՞ է կապել կատալոնական հավաքի հետ, եւ արդյոք կորոնավիրուսի պատճառով ստեղծված դադարը կարո՞ղ է լավ անդրադառնալ թիմի վրա։

-Մենք Կատալոնիա չէինք գնացել շրջագայության։ Մեր ամենօրյա մարզումները շատ լավ կատարեցինք, իսկ ինչ վերաբերում է մրցակիցներին, ապա կարող եմ ասել, որ խնդիրներ առաջացան, եւ, ինչ խոսք, ազդեց այդ փաստը մեր հետագա արդյունքների վրա։

-Բարձրագույն խմբի այս մրցաշրջանում այլեւս չեք կարող պայքարել մրցանակային տեղերի համար, սակայն Հայաստանի գավաթում հասել եք մինչեւ կիսաեզրափակիչ։ Հաշվի առնելով այն, որ առաջին խաղում պարտվել եք 0։1 հաշվով՝ ինչպե՞ս կգնահատեք Ձեր թիմի՝ եզրափակիչ դուրս գալու շանսերը։

-Մենք եզրափակիչ դուրս գալու շանսեր ունենք։ Մենք խաղի մեջ ենք, բայց հիմա պետք է մտածել միայն աշխարհում տարածված այս համաճարակին հաղթելու մասին։

-Ի՞նչ կասեք առաջնության այս մրցաշրջանի նոր ձեւաչափի մասին։ Արդյոք կա՞ անհրաժեշտություն հնին վերադառնալու։

-Այս ձեւաչափը ոչնչով չարդարացրեց իրեն։ Եւս մեկ անգամ կասեմ՝ առաջնությունը այս ձեւաչափով անցկացնելը աբսուրդային է, այն իրեն չի արդարացրել նաեւ նախկինում, եւ կարծում եմ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է փոխի այս ձեւաչափը արդեն հաջորդ մրցաշրջանից։

-Արդեն մտածու՞մ եք հաջորդ մրցաշրջանի մասին։ Կավարտե՞ք Ձեր կարիերան, թե՞ կգնաք Ռոբերտ Պալյանի ռեկորդը գերազանցելու հետեւից։

-Ճիշտն ասած, այժմ ոչինչ ասել չեմ կարող, իհարկե, շատ կցանկանամ գերազանցել այդ ռեկորդը. տեսնենք՝ ինչ կլինի։ Այսօր ֆուտբոլը կորցրել է իր կարեւորությունը. կան այլ բաներ, որոնց մասին պետք է մտածել։

-Մեկ հարց էլ Հայաստանի ազգային հավաքականից։ Միանշանակ տեղյակ եք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի ճանաչված մասնագետ Խոակին Կապառոսը։ Ի՞նչ կասեք այս նշանակման մասին, եւ, ըստ Ձեզ, ի՞նչ կարող է տալ Կապառոսը մեր ընտրանուն։

-Այո, հետեւել եմ Խոակին Կապառոսի կարիերային։ Գիտեմ՝ շատ փորձառու մարզիչ է, աշխատել է շատ ուժեղ թիմերում, եւ հուսով եմ, որ կկարողանա մարտունակ թիմ կառուցել։

Հիշեցնենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում ամենատարեց դարպասապահի ռեկորդը պատկանում է 1992 թվականին «Կանազի» գույները պաշտպանած Ռոբերտ Պալյանին։ Պալյանը իր վերջին հանդիպումը անցկացրել է 40 տարեկան 94 օրականում։

Գեւորգ Կասպարովը այս ռեկորդը կարող է գերազանցել արդեն Հայաստանի բարձրագույն խմբի 2020/21 մրցաշրջանում։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս