«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասանուհի Ելենա Բորիսենկոն է: Նա խոսել է կարիերայում հանդիպող դժվարությունների, ձեռքբերումների, կորուստների, թիկունքից ստացած հարվածների եւ այլ թեմաների շուրջ: Դերասանուհին նշել է, թե կին-տղամարդ հարաբերություններում ինչը կարող է իրեն հոգնեցնել, եւ ինչպիսի տղամարդկանց է ինքը նախընտրում:
-Ելենա՛, մանուկ հասակում երազում էիք…
-Թռչելու մասին:
-Մի բան, որ հստակ հասկացել եք այս տարիների ընթացքում…
-Չկա վաղը, կա այսօր:
–Ո՞րն եք համարում Ձեր մեծագույն ձեռքբերումը:
-Իմ ձեռքբերումն իմ մայրն է: Ես եւ քույրս մինչեւ ծնվելը հենց նրան ենք ընտրել:
-Ձեր թիկունքից հարվածներ հարազատների կողմից հաճա՞խ եք ստացել:
-Հարազատների կողմից՝ ոչ, առհասարակ՝ շատ: Հարազատներս երբեմն որոշումներ են կայացրել, որոնք ցավ են պատճառել ինձ:
-Փող աշխատելու մոլուցքով երբեւէ տառապե՞լ եք:
-Ոչ:
-Ձեր ո՞ր հատկանիշն է մշտապես գրավում տղամարդկանց:
-Այն, որ ես ե՛ւ հասուն եմ, ե՛ւ մանուկ: Ես ե՛ւ իմաստուն եմ, ե՛ւ երեխայական բնավորություն ունեմ:
-Ձեզ դուր են գալիս այնպիսի տղամարդիկ, որոնք…
-Իսկապես տղամարդ են, որոնք ուժեղ են, գիտեն՝ ինչ են ուզում, կայացած են: Միշտ չէ, որ դա պայմանավորված է տարիքով: Տղամարդը կարող է 18 տարեկանում էլ կայացած լինել: Ինձ գրավում է այն տղամարդը, որը կարող է իր որոշումներն ինքնուրույն կայացնել:
-Հումորը Ձեր կյանքում ի՞նչ դեր ունի:
-Դե, մարդ պետք է հումորով լինի, դա միանշանակ: Հումորի բացակայությունը արգելակում է մարդու արարքները, դժվարին իրավիճակներում նա չի կողմնորոշվում, թե ինչ է պետք անել:
-Կենցաղում կա՞ մի աշխատանք, որ տանել չեք կարողանում:
-Հարդուկել չեմ սիրում, բայց երբ ստիպված եմ դա անել, անում եմ սիրով: Եթե գործն իմ սրտով չէ, ես սկսում եմ ինքս ինձ համոզել, որ կարող եմ դրա մեջ եւս մի դրական բան գտնել: Այդպես էլ լինում է: Հակառակ դեպքում, եթե չուզենալով գործ անեմ, մի բան կվառեմ, կթափեմ, կփչացնեմ:
-Ձեր մասին երբեւէ լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Դրանց մի զգալի մասը կապված է «Վերվարածներ»-ում Կնյազի դերակատարի՝ Արտյոմ Կարապետյանի հետ: Լուրեր էին տարածվել, թե, իբր, նրանից երեխա ունեմ: Նույնիսկ իմ բարեկամներից մեկի մոտ այնքան համոզիչ էին ասել, որ նա էլ մի պահ հավատացել էր դրան (ծիծաղում է): Առհասարակ, բամբասանքներին մատների արանքով եմ նայում, լուրջ չեմ վերաբերվում, անտարբեր եմ դրանց հանդեպ:
-Այս երեքից ո՞րն է Ձեր մասին՝ մարդ, որը դժվարությամբ է փոփոխվում, մարդ, որը փոփոխվում է, բայց դանդաղ, մարդ, որը միշտ պատրաստ է փոփոխությունների:
-Մարդ, որը միշտ պատրաստ է փոփոխությունների:
-Կին-տղամարդ հարաբերություններում ի՞նչը կարող է Ձեզ հոգնեցնել:
-Այդպիսի հարաբերություններ քիչ են եղել, այդ առումով պահպանողական եմ: Երեւի հոգնում ես, երբ ձեր միջեւ չկա նախկին ոգեւորությունը: Պետք է լինի «ամեն անգամ, ինչպես առաջին անգամ»: Ասում են, թե դա հնարավոր չէ, բայց կարող եմ փաստել, որ հարաբերություններում հնարավոր է հասնել դրան: Յոթ տարի ամուսնացած եմ եղել, եւ հարաբերություններում պահել եմ այդ ոգեւորությունը, հետագա հարաբերություններում՝ եւս: Դա զույգին տանում է առաջ:
-Ո՞րն է Ձեր ոլորտում ունեցած ամենամեծ դժվարությունը:
-Այն, որ անընդհատ փորձում եմ նորանոր նշաձողեր սահմանել եւ անցնել դրանք: Սա ամենօրյա քրտնաջան աշխատանք է: Մարդը միշտ աճելու տեղ ունի, եւ պետք է առաջ գնա: Երբ ավելի փոքր էի եւ ունեցա կյանքիս առաջին մեծ հիասթափությունը, ինքս ինձ համար որոշեցի՝ թե ով եմ ես, կապացուցեմ արածս աշխատանքի շնորհիվ: Մինչեւ հիմա էլ շարժվում եմ այդ սկզբունքով:
-Եվ վերջում՝ երջանիկ է նա, ով…
-Երջանկություն կա՛մ կա, կա՛մ ոչ: Մարդը երջանիկ է, երբ սիրված է, գնահատված: Մյուս կողմից՝ երջանիկ լինելը կապված է մարդու տեսակի հետ:
Աննա Բաբաջանյան