Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կորոնավիրուսով վարակված հինգ զինծառայողներից միայն մեկն ունի ջերմություն․ զինծառայողների ինքնազգացողությունը լավ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Մեր հինգ հիվանդների առողջական վիճակը կայուն է, նրանց ինքնազգացողությունը լավ է: Միայն մեկը ջերմություն ունի, այն էլ՝ ոչ բարձր»,- ասաց Ստեփանյանը:

Խոսնակը նշեց, որ զինծառայողների շրջանում նոր նմուշառում չի իրականացվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել:

«Մեկուսացվածների շարքերում չունենք զինծառայող, որը վիրուսին բնորոշ ջերմություն կամ այլ ախտանշաններ կունենա: Նոր մեկուսացումներ ևս չեն եղել»,- ասաց Ստեփանյանը:

Կորոնավիրուսով վարակի դեպք է հաստատվել ԶՈՒ հինգ զինծառայողի մոտ, նրանց հետո շփում ունեցած զինծառայողները մեկուսացված են:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 28-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 372 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մարտի 26-ին մեկ քաղաքացի մահացել է:




Լրահոս