Մահապարտ են ուղարկել բանկի մասնաճյուղեր. ներքին սպառնալիք՝ բանկերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի շարք բանկերի պատասխանատուները դիմել են Ազգային անվտանգության ծառայություն եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Պարզվում է` մի շարք բանկեր պաշտոնական մեյլերին նամակ են ստացել այն մասին, թե մահապարտ է ուղարկվել բանկի մասնաճյուղերից մեկը:

Այն, որ բանկերը հաճախ են հայտնվել ենթադրյալ հանցագործների թիրախում, գաղտնիք չէ ոչ ոքի: Եղան դեպքեր, որ ունեցան ողբերգական ավարտ: Մասնավորապես, 2018 թվականին գնդապետ Դ. Դանիելյանը, իր մարտական նռնակով եւ դանակով զինված, դիմակավորված մուտք էր գործել Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտա 3 հասցեում գործող «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղ, որտեղ կարաբինից կրակոց արձակելով օդում` բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել առանձնապես խոշոր չափերով` 500.000 ԱՄՆ դոլար գումար: Այդ ընթացքում, հանդիպելով մասնաճյուղի անվտանգության աշխատակիցների դիմադրությանը, Դ. Դանիելյանն իր մոտ գտնվող կարաբինից կրակել եւ սպանել էր հիշյալ մասնաճյուղում իր ծառայողական պարտականություններն իրականացնող անվտանգության աշխատակից Խաչատուր Գալստյանին:

Ավելին, կրակել էր նաեւ իրեն հետապնդող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի ուղղությամբ, վիրավորել նրան, որի հետեւանքով վերջինս նույն օրը բժշկական կենտրոնոմ մահացել էր: Իհարկե, ի վերջո իրավապահներին հաջողվել էր բռնել ավազակային հարձակում գործած գնդապետ Դանիելյանին, սակայն վերջինիս գործողությունների հետեւանքով երկու անձ մահացավ:

Սակայն նկատենք, որ ներկայումս բանկերը հայտնվել են ավելի բարդ իրավիճակում. ենթադրյալ հանցագործները ոչ թե մտնում են բանկ, այլ նամակ են ուղարկում ու կոնկրետ պահանջներ ներկայացնում: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի փետրվարի 17-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն դիմել է Ազգային անվտանգության ծառայություն եւ հաղորդում տվել հանցագործության մասին: Մասնավորապես, բանկը ԱԱԾ-ին ներկայացրել է տեղեկություն, որ փետրվարի 12-ին բանկի պաշտոնական՝ [email protected] էլ.փոստին ոմն Ալի Մուսսան [email protected] էլ. փոստով նամակ է ուղարկել: Իսկ ի՞նչ է եղել նամակում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ալի Մուսսան, ով ներկայացել է Կովկաս Միացյալ Վիլայաթի անունից, սպառնացել է, թե իրենց կողմից մահապարտ է ուղարկվել բանկի մասնաճյուղերից մեկը, եւ եթե մոտակա օրերին բանկը չկատարի 245 միլիոն 533 հազար 490 դրամին համարժեք փոխանցում, ապա շատ արյուն կթափվի, իսկ այնուհետեւ կսկսվի որս` նրանց երեխաների նկատմամբ: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բանկի պաշտոնական էլէկտրոնային փոստին ուղարկվել է այն հաշվեհամարը, որին բանկը, ըստ սպառնացողի պահանջի, պետք է ուղարկեր պահանջված գումարը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նմանօրինակ նամակ ստացել է եւս մեկ բանկ փետրվարի 12-ին: Բանկից պահանջել են 245 միլիոն դրամը եւ նշել, թե մահապարտ է ուղարկվել բանկի մասնաճյուղերից մեկը: Երկու բանկերն էլ այս իրավիճակի մասին տեղյակ են պահել Ազգային անվտանգության ծառայությանը եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն բանկերի ղեկավարների դիմումների հիման վրա հարուցել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդ. 3-րդ մասի 2-րդ կետով (Շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաեւ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա):

«Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը փորձեց պարզել Ազգային անվտանգության ծառայությունից , որտեղից ի պատասխան՝ միայն հաստատեցին մեր տեղեկությունը` նշելով, որ քրեական գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե` նախաքննությունը շարունակելու համար:

Քնար Մանուկյան




Լրահոս