Մարտի 31-ին Արցախում միաժամանակ տեղի են ունենալու թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրություններ: Եվ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում կան գործիչներ, որոնք կոչ են անում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հետաձգել ընտրությունները: Սակայն, պարզվում է, իրավաբանորեն Արցախի Սահմանադրության համաձայն, հնարավոր չէ հետաձգել կամ չեղարկել ընտրությունները։ Այս հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Արցախի արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ։
-Պարո՛ն Դանիելյան, այս օրերին թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում կան գործիչներ, որոնք կոչ են անում հետաձգել ընտրությունները։ Դուք որպես նախարար կարող եք ասել՝ Սահմանադրությամբ ի վերջո հնարավո՞ր է, թե՞ ոչ։
-Գիտեք՝ մեր Սահմանադրությունը որոշ չափով տարբերվում է Հայաստանի Սահմանադրությունից՝ կապված իրավունքների սահմանափակման գործընթացների հետ։ Մասնավորապես, տեխնածին, բնածին աղետի կամ համաճարակի հիմքով Արցախի Սահմանադրության 132-րդ հոդվածին համապատասխան, կարող է հայտարարվել ոչ թե արտակարգ դրություն, այլ միայն արտակարգ իրավիճակ: Ըստ 2019 թ. հունիսի 27-ին ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը որևէ առնչություն չունեն տեխնածին, բնածին աղետի կամ համաճարակի հետ. «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ՝ իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասսայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը»։ Սակայն արտակարգ իրավիճակ հայտարարելը հիմք չէ ընտրություններն ու հանրաքվեն բացառելու համար, այդպիսի սահմանափակում նախատեսված է միայն արտակարգ դրության դեպքում։ Դա Արցախի Սահմանադրության 76-րդ հոդվածի 2-րդ մասն է։
-Այսինքն, սա չի՞ կարող դիտարկվել որպես սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ։
-Ոչ, դա չի կարող դիտարկվել այդպիսին։ Նախորդ սահմանադրությունների ժամանակ ամրագրված էր միայն արտակարգ դրություն եւ ռազմական դրություն հասկացությունները։ Իսկ այս Սահմանադրությամբ արդեն հստակ տարանջատում կա՝ արտակարգ դրության ժամանակ չի իրականացվում ընտրություններ։ Իսկ արտակարգ իրավիճակը վերաբերում է հենց բնական, տեխնածին աղետներին, իսկ այս դեպքում Սահմանադրությունն ընտրությունները չի արգելում։ Բացի այդ, ընտրությունների հետաձգումը կարող է այլ խնդիրների հանգեցնել։ Մինչեւ երբ չանենք ընտրություններ․ մայիսի 19-ին ավարտվում են երկու ինստիտուտների լիազորությունները՝ հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի։ Հիմա, եթե մինչեւ մարտի 19-ը չլինի ընտրությունները, ինչ է լինելու․ կլինի մի երկիր, որտեղ չկա լեգիտիմ իշխանություն՝ ոչ նախագահ, ոչ խորհրդարան։ Չգիտեմ՝ ովքեր են հանդես գալիս հետաձգելու կոչերով, բայց օրենքում հստակ, պարզ նշվում է, որ ընտրությունները հետաձգվում են միայն արտակարգ դրության ժամանակ, իսկ դա էլ հայտարարվում է սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում։
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը