Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով հերթական դասախոսությունն է կարդացել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողների համար: Մինչև օրվա դասը սկսելը նախագահն անդրադարձել է նախորդ երկու՝ ԵՊՀ արևելագիտության և ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների հետ անցկացրած դասախոսություններին:
Մասնավորապես, խոսելով արևելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ դասի և տրված տնային առաջադրանքի մասին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ նրանք ստեղծագործաբար են մոտեցել առաջադրանքին՝ մտածելով, քննարկելով և էլեկտրոնային «թղթին» հանձնելով իրենց մտքերը՝ կապված Միջին Արևելքի, Պարսից ծոցի հետ։ «Արդեն մեծ թվով աշխատանքներ կան,-ասել է նախագահը:- Հաճելի էր, երբ ես ընթերցում էի այդ աշխատանքները, քանի որ դրանք ցույց են տալիս և՛ պատմության, և՛ տարածաշրջանի, և՛ միջազգային հարաբերությունների, և քաղաքագիտության հիմունքների ու գործիքների իմացություն»։ Արևելագետներին նախագահը քաջալերել է շարունակել աշխատանքները. «Եթե ժամանակ ունեք կամ եթե նույնիսկ արդեն մեկ աշխատանք գրել եք, գուցե երկրորդի մասին մտածեք, ասենք՝ «Կորոնավիրուսը և Միջին Արևելքը»։
Անդրադառնալով մյուս՝ ապագա մաթեմատիկոսների և ֆիզիկոսների հետ դասին, նախագահը նշել է, որ երիտասարդ ուսանող գիտնականները շատ ճիշտ են ընկալել իրենց առջև դրված խնդիրը: «Ինձ հասած օրինակները ցույց են տալիս, որ նրանք շատ տարբեր ձևով են մտածում, ունեն հետաքրքիր լուծումներ, ոչ ստանդարտ,- ասել է նախագահ Սարգսյանը։- Սա հենց այն էր, ինչ ես սպասում էի՝ ոչ թե կրկնեին տասնյակ տարիներ առաջ լուծած խնդիրը, դասական դասագրքային օրինակը, այլ ընդհակառակը՝ ստեղծագործաբար մոտենային։ Ուրախալի է, որ կային խմբային աշխատանքներ, որտեղ մի քանի հոգի միասին են աշխատել»։
Մանրամասները՝ տեսանյութում