Վեհափառ Հայրապետը ցավակցագիր է հղել ֆրանսահայ հայտնի գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 29-ին ցավակցագիր է հղել սգակիր Դևեջյան ընտանիքին՝ ֆրանսահայ ականավոր գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգիից, Վեհափառ Հայրապետը գրության մեջ անդրադարձ է կատարել տիար Դևեջյանի երկարամյա բեղուն գործունեությանը և մեծ ներդրմանը Ֆրանսիայի Հանրապետության պետական-քաղաքական և հասարակական կյանքի զարգացման, ֆրանսահայ համայնքի առաջընթացի, ինչպես նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների ու բարեկամության ամրապնդման գործում՝ մասնավորապես կարևորելով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված նրա եռանդագին ջանքերը:

«…Մենք ջերմությամբ ենք հիշում Ֆրանսիայի Հայոց թեմ Հովվապետական մեր այցելությունների ժամանակ, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգելույս Պատրիկ Դևեջյանի հետ մեր հանդիպումները, որոնց ընթացքում Մենք մշտապես զգացել ենք նրա ազգասեր ու եկեղեցանվեր ոգին, մեր ժողովրդին և մեր Սուրբ Եկեղեցուն օգտակարություն ու սատարում բերելու նախանձախնդրությունը: Ցավ է Մեզ համար կորուստը մեծանուն հայորդու…», – նշված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագրում:




Լրահոս