ԱԱ-2014-ի եզրափակիչից առաջ «Ռեալն» ինձ նամակ ուղարկեց, բայց ես պատռեցի այն. Անխել Դի Մարիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ով այժմ հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում, պատմել է, որ պատռել է «Արքայական ակումբի» կողմից ուղարկած նամակը, որը ստացել էր 2014 թվականի Աշխարհի առաջնության Արգենտինա – Գերմանիա հանդիպումից առաջ.

«Միայն երեք հոգի գիտեն ճշմարտությունը. բժիշկ Դանիել Մարտինեսը, Արգենտինայի հավաքականի այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան եւ ես: Բելգիայի դեմ խաղից հետո ինձ մոտ մկանի կտրվածք էր ախտորոշվել: Ոտքս լավ վիճակում չէր, բայց ես ուզում էի խաղադաշտ դուրս գալ։ Դա շատ ռիսկային էր, որովհետեւ այդ խաղի պատճառով կարող էի ավարտել կարիերաս, բայց ինձ համար միեւնույն էր դա։ Ես գիտեի, որ «Ռեալը» ցանկանում է վաճառել ինձ։ Սաբելյան ինձ նամակ փոխանցեց, որը «Ռեալից» էին ուղարկել, բայց ես նույնիսկ չկարդացի եւ պատռեցի այն։ Դրանից հետո ես արցունքներով մոտեցա մարզչին եւ ասացի, որ պատրաստ չեմ խաղալ 100%-ով։ Ես գիտեի, որ նա ցանկանում է ինձ խաղադաշտ դուրս բերել, բայց ուզում էի լավագույն տարբերակը գտնել թիմի համար։ Դրա պատճառով էլ համաձայնեցի, որ իմ փոխարեն խաղադաշտ դուրս գա Էնցո Պերեսը»,- Դի Մարիայի խոսքերն է փոխանցում իսպնական Marca-ն։

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում Գերմանիայի հավաքականը Մարիո Գյոտցեի լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ 1:0 հաշվով պարտության մատնեց Արգենտինայի ընտրանուն:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս