Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում շարունակվում է Արցախի նախագահի 13 թեկնածուների միջև բանավեճը։ Ելույթներից հետո սկսվել է հարցուպատասխանի՝ բուն բանավեճի փուլը։ Թեկնածուներից Վահան Բադասյանը հարց ուղղեց Արայիկ Հարությունյանին՝ ասելով, որ իշխանությունը շուրջ 30 տարի է՝ թալանում է երկիրը։
Սակայն Արայիկ Հարությունյանը նշեց, որ չի կիսում Վահան Բադասյանի կարծիքը: «Իհարկե, թալան եղել է, ես առիթ եղել է, ներկայացրել եմ, թե ինչպես գինու գործարաններն Արցախի տարածքում, ազատագրված տարածքները թալանվել են, բայց այս վերջին տասը տարիների ընթացքում կատարվել է մեկ միլիարդ դոլարի հավասարաչափ շինարարություն և դա տեսանելի է: Թալան չի եղել, կան սխալներ, բացթողումներ, որոնց մասին նշել ենք, բայց համակարգը նպաստել է երկրի զարգացմանը՝ ունենալով բազմաթիվ սխալներ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ վերջին տարիներին թեև քիչ, բայց ունեցել են դրական աճ և դրա համար այս երկրում ամենամեծ խնդիրը բնակարանային խնդիրն է, քանի որ չկան ազատ բնակարաններ: