Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում շարունակվում է Արցախի նախագահի 13 թեկնածուների միջև հեռուստաբանավեճը։ Բանավեճի ժամանակ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը ԱԺ ներկայիս նախագահ, նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանից հետաքրքրվեց, թե ինչու Արցախում արտակարգ դրություն չի հայտարարվում։
«Մեր օրենսդրությունը լավ գիտեք. եթե երկրում այլ կարգի իրավիճակ է, պետք է որևէ իրավական կարգավորում լինի, ապա այստեղ խորհրդարանն առաջնային դիրք չունի: Ես կառաջարկեի, քանի որ Դուք նույնպես խորհրդարանում ժամանակին ունեիք խմբակցություն, գուցե հենց Ձեր խմբակցության միջոցով կարողանայիք այդ նախաձեռնությունը ներկայացնել: Ես չեմ կարծում, որ ԱԺ-ն խուսափում է դրանից, մենք ամեն օր էլ հավաքվում ենք: Մեծամասնությունը դադարեցրել է ակտիվ քարոզչությունը՝ փորձելով պետական կառավարման համակարգի միջոցով տարբեր կտրվածքներում անդրադառնալ այդ հարցին և իրավիճակի ստուգում անցկացնել»,- պատասխանեց Ղուլյանը: