Նոր կորոնավիրուսն առավել ակտիվ է օդի ջերմաստիանի՝ զրոյից բարձր՝ +4-ի պայմաններում և կորցնում է իր ուժը շոգի դեպքում: Այս եզրահանգմանն են եկել Հոնկոնգի համալսարանի գիտնականները: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, գիտնականների եզրահանգումները ներկայացված են medRxiv.org բժշկական հետազոտությունների հարթակում:
Նշվում է, որ +4 աստիճանի դեպքում, վարակը կարող է գոյություն ունենալ երկու շաբաթ, իսկ բարձր ջերմաստիճանի պայմաններում, օրինակ մինչև 70 աստիճանի դեպքում, այն ոչնչանում է 5 րոպեի ընթացքում:
Ըստ զեկույցի, եթե օդի ջերմաստիճանը +22 է, ապա կորոնավիրուսն ակտիվություն է ցուցաբերում ամենաքիչը մեկ շաբաթ, 37 աստիճանի դեպքում՝ երկու օր, 56 աստիճանի դեպքում՝ կես ժամ:
Գիտնականները նաև ներկայացրել են այն, թե տարբեր առարկաների մակերեսին վարակը որքան է մնում: Նրանք եկել են այն եզրահանգման, որ բժշկական դիմակների արտաքին մասում կարող է մնալ ոչ պակաս, քան մեկ շաբաթ (սենյակային ջերմաստիճանի և հարաբերական խոնավության 65 տոկոսի պայմաններում):
Թղթի վրա կորոնավիրուսը մնում է ոչ պակաս, քան 3 ժամ, ծառի և կտորի վրա՝ ոչ ավելի, քան երկու օր, ապակու վրա՝ 4 օրից պակաս, պլաստամասայի վրա՝ մեկ շաբաթից ոչ ավելի: Այդ մասին են վկայում հետազոտության արդյունքները:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։