Գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվողին չեն ներկայացնում դատարան. Դիմել են դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել Գյումրիում Ջուլիետա Ղուկասյանի սպանության հետ կապված։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

2020 թվականի մարտի 20-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջով պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ընդունել որոշում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի իմաստով (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները…Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը` 1) քրեական գործ հարուցելու մասին, 2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին):

Գյումրեցի Ջ. Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Ա. Ռազգիլդեևի գործով դատական նիստեր այդպես էլ չեն կայանում, ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը ամբաստանյալին դատարան չի ներկայացնում՝ պահանջելով անվտանգության գրավոր երաշխիքներ նրա ու նրան ուղեկցող անձանց համար: Առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ և 178-րդ հոդվածների պահանջներով, պնդելով, որ դատավարության անհարկի ու միտումնավոր ձգձգումները, ամբաստանյալին դատարան չներկայացնելը հանցագործություն է՝ 2020 թ. փետրվարի 7-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

Հիշեցնենք, որ 2018–ի դեկտեմբերի 3-ին Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության փաստով քրեական գործ էր հարուցվել: Կինը մահացել էր ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով: Այս գործով կալանավորվել էր ռուսական 102-րդ բազայի զինծառայող:




Լրահոս