Երեկ՝ ֆեյսբուքյան օգտատեր Սևակ Մարտիրոսյանը տեսանյութ էր հրապարակել և գրառում կատարել՝ նշելով, որ «Երևան Սիթի» սուպերմարկետից գնել են նրբերշիկ, ինչից հետո նրա երեխան թունավորվել է։
«Երեկվանից իմ երեխաները իրենց լավ չեն զգում, այսօր առավոտյան արդեն աղջիկս որովայնի ցավերից պռիստուպի մեջ ընկավ մի քանի անգամ, Շտապօգնությունը տարավ հիվանդանոց, հիմա երեխայիս պառկեցրել են սիստեմայի տակ ու չեն թողնում տուն գա: Երեխաներիս մի բան եղավ, իմ քայլերի համար պատասխանատու չեմ, մնացածը՝ մի քիչ ուշ»,-մասնավորապես գրել էր նա:
Նշենք, որ երեխան թունավորման ախտանշաններով տեղափոխվել է Բաբլոյան Բժշկական կենտրոն։
ArmLur.am-ը կապ է հաստատել Բաբլոյան Բժշկական կենտրոնի հետ ու զրուցել երեխային հսկող բժշկի հետ։ «Երեխան ընդունվել է ջրիկ կղանքով ու փսխումներով, ընդունված պահից ի վեր լուծ կամ փսխումներ չի ունեցել, անգամ այսօր պատրաստ է դուրսգրման։ Ծնողները պատմել են, որ ամբողջ ընտանիքով դդմի մուրաբա են կերել, հետո երեխան կերել է նրբերշիկ, որը, ասացին, փչացած է եղել․ հետո կերել է խտացրած կաթ, որի բանկան մի քիչ ուռած է եղել, մայրն ասաց, որ ժամկետ չեն նայել։ Երեխան իրականում մեզ պատմեց, որ երբ նրբերշիկը կծել է, անմիջապես բերանից հանել, կուլ չի տվել։ Հնարավոր է երեխայի մոտ աղիքային ինֆեկցիա լինի, որի համար մենք անալիզներ արդեն վերցրել ենք,»,-ասաց մեր զրուցակիցը։
Երեխան այս պահին իրեն շատ լավ է զգում, փսխումներ չի ունեցել, նորմալ դուրս է եկել, ArmLur.am-ի հետ զրույցում ընդգծեց երեխային հսկող բժիշկը։
«Երեխային մի քանի ժամից դուրս կգրենք, և նա կլինի տեղամասային բժշկի հետազոտության տակ»,-ավելացրեց նա։
Հավելենք, որ դեպքի առնչությամբ «Երևան Սիթի»-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.
«Բարև Ձեզ, ողջունում ենք Ձեզ Երևան Սիթի Սուպերմարկետների ցանցի Ջրվեժի մասնաճյուղից: Հուսանք այս դժվար օրերին բոլորդ առողջ եք և լի լավատեսությամբ: Մարտի 29-ին համացանցում տարածվեց տեսանյութ այն մասին, որ իբր հաճախորդներից մեկը Երևան Սիթի սուպերմարկետների ցանցից գնել էր նրբերշիկ, որը կերել էր նրա երեխան և թունավորվել: Ի պատասխան՝ մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Երևան Սիթի սուպերմարկետների ցանցում չի վաճառվում անորակ և ժամկետանց որևէ ապրանք:
Նրբերշիկը համարվում է սառնարանային պիտանելիության պահպանվող ապրանք, որը ստանում ենք հստակ չափաբաժնով տվյալ օրվա համար, ստուգում ենք բոլոր նորմատիվները և պիտանելիության ժամկետները: Ինչ վերաբերվում է նրան, որ հաճախորդը տեսանյութում նշում է թե իբր նրբերշիկը արտադրված է 2018թ-ին, չի համապատասխանում իրականությանը: 2018թ-ի մակնանշումը վերաբերվում է արտադրության տեխնիկական պայմանների տրմանը: Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը պատասխանատու է միայն խանութում գտնվող ապրանքի պահպանման, ժամկետների և պայմանների համար:
Երևան Սիթի Առողջ եղեք»:
Լիդա Եղրազարյան