Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսին խոսել է մանչեստերյան թիմի լեգենդար մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի մասին եւ նշել, որ վերջինս տանել չէր կարողանում անգամ ոչինչ չորոշող պարտությունները.«Սըր Ալեքս Ֆերգյուսոնը գիտեր,երբ է պետք միջոցներ ձեռնարկել, օրինակ` կարգապահություն հաստատելու համար: Իմ դեբյուտային մրցաշրջանն էր: Ապրիլ ամսին երկրորդ տեղում ընթացող «Մանչեստեր Սիթիից» ունեինք 15 միավորի առավելություն եւ սեփական դաշտում պետք է ընդունեինք նրանց:
Եթե հաղթեինք, ապա կունենայինք 18 միավորի առավելություն, սակայն պարտվեցինք: Շատ մարզիչներ այդ պարտութունը ողբերգություն չէին դարձնի, բայց ոչ Ֆերգյուսոնը: Իրավիճակն ուղղակի շիկացած էր: Թիմի 2 ֆուտբոլիստներ այդ պարտությունից հետո որոշեցին գնալ հանգստանալու: Հաջորդ օրը եկավ բոսսը` բերելով այդ երկուսի գիշերային զբոսանքի լուսանկարները:
Ամբողջ թիմի վրա սեւեռեց իր ուշադրությունն ու ասաց. «Այսպես, տղաներ, եթե մենք կորցնենք չեմպիոնական գավաթը, դա կլինի այն պատճառով, որ այս երկու սրիկաները որոշել էին գնալ զբոսնելու»,- վան Պերսիի խոսքերն է մեջբերում So Foot-ը:
Հիշեցնենք, որ 2012/13 մրցաշրջանում «Մանչեստեր Յունայթեդը» տանը 1:2 հաշվով զիջեց «Մանչեստեր Սիթիին», սակայն այդ մրցաշրջանում հռչակվեց Անգլիայի չեմպիոն` վաստակելով 89 միավոր: «Սիթին» 78 միավորով գրավեց 2-րդ տեղը:
Էդմոն Մարտիրոսյան