ՏԵՍԱՆՅՈՒԹ․ՀՀ նախկին ոստիկանապետի ինքնասպանության հետքերով. ինչ է ասել փորձագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղաղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից անցել է 6 ամիս, եւ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, նախաքննական մարմինը՝ ի դեմս Քննչական կոմիտեի, նոր գործողությունների է դիմել:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնի գյուղում գտնվող իր առանձնատանը ինքնասպան էր եղել ՀՀ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանը: ArmLur.am-ը գրել էր, որ Հայկ Հարությունյանը մահվան պահին միայնակ չի եղել, եւ վերջինիս հետ էր եղել ոստիկանության անձնագրային ծառայության պետերից մեկը՝ Ն. Հ-ն: ArmLur.am-ը գրել էր, որ Հայկ Հարությունյանը իր զրուցակցի հետ Բջնիի առանձնատանը երկար խոսել է իր անցած ճանապարհից, գործունեության տարիներից, այն մասին, թե ինչպես է կարողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, իր երկրում պարզ ճակատով քայլել, բայց, արի ու տես, այսօր իրեն անարգանքի սյունին են գամում, սեւ բիծ են քաշում կենսագրության վրա, եւ իրեն սպառնում են խայտառակությունը, անպատիվ վախճանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կարեւորագույն վկան անցած տարի` դեպքից մի քանի օր անց, լքել էր երկիրը, սակայն նախաքննական մարմնին վստահեցրել էր, որ հետ է վերադառանալու, եւ խոստումը կատարեց: Այսպիսով, Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից անցել է 6 ամիս, եւ, ահա, վեց ամիս անց նախաքննական մարմինը նոր որոշում է կայացրել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը որոշել է քրեական գործով նոր փորձաքննություններ նշանակել, ըստ այդմ՝ քրեական գործով նշանակվել են դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություններ: Իսկ ի՞նչ է եղել այս փորձաքննությունների նշանակման անհրաժեշտությունը:

Ըստ մեզ հասած լուրերի՝ նախաքննական մարմինն այս օրերին Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով տարբեր անձանց է հրավիրել հարցաքննությունների, որոնք պատմել են, որ Հայկ Հարությունյանը ընկճված է եղել, նեղսրտել է իր շուրջ կատարվող իրադարձություններից: Հայկ Հարությունյանի մտերիմներից մեկն էլ ասել է, որ վերջին շրջանում հաճախ էր ալկոհոլ օգտագործում եւ դեպքի օրն էլ է մի փոքր գինովցած եղել: Մտերիմներից մեկն էլ նախաքննական մարմնին հայտնել է, որ նա փակվել էր իր տանը, ոչ մեկի հետ չէր շփվում, ինքնամփոփ էր դարձել:

Ինչեւէ, մեզ հասած լուրերի համաձայն՝ այս եւ այլ վկաների ցուցմունքները ձեռքի տակ ունենալով՝ նախաքննական մարմինը ողջ նյութերը ամբողջացնում է եւ, ինչպես կարգն է, ներկայացնում է փորձագետներին: Ներկայացնելով դատաբժշկական փորձագետներին՝ քննիչը հարց է ուղղում՝ արդյոք նա, այս խնդիրներն ունենալով կամ, ինչպես հարազատներն են պնդում, ընկճված լինելով, սրտնեղելով, թե ինչ է կատարվում իր անվան շուրջ, կարող էր դիմել ինքնասպանության: Չի բացառվում, որ փորձագետները, ուսումնասիրելով քննիչների կողմից ներկայացված ցուցմունքները, բացասական պատասխան են տվել:

Մասնավորապես, փորձագետն ասել է, թե ներկայացված ապացույցները ցույց են տալիս, որ նա, այդ հանգամանքներից ելնելով, չէր կարող ինքնասպանության գնալ: Եվ, ահա, նախաքննական մարմինը այս իրավիճակից դուրս գալու համար քրեական գործով նշանակել է դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություններ: Իսկ ինչո՞ւ. քանի որ ձեռք բերված ապացույցները չեն հիմնավորում, որ նա ինքնասպանության է գնացել խմելու կամ ընկճված լինելու հանգամանքից ելնելով:

Նշանակելով այդ փորձաքննությունները՝ նախաքննական մարմինը փորձում է դուրս գալ փակուղուց եւ նշանակված փորձաքննությունների եզրակացությունից հետո նոր կկարողանա հիմնավորել, որ, օրինակ, Հայկ Հարությունյանը հոգեբանական վատ վիճակում է եղել, որ ինքնասպանություն է գործել, որից հետո էլ, ամենայն հավանականությամբ, նախաքննական մարմինը նախաքննության ավարտի մասին կհայտարարի:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե` ունեցած տեղեկությունները ճշտելու համար, որտեղից ի պատասխան՝ ՔԿ լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց. «Քրեական գործով նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունը ապահովելու նպատակով նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է համապատասխան փորձագետներին: Փորձագետի եզրակացությունը դեռեւս չի ստացվել, նախաքննությունը շարունակվում է»:

Քնար Մանուկյան




Լրահոս