Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրավական դիրքորոշումներ է ներկայացրել
հաղորդակցության գաղտնիության և մյուս իրավունքները սահմանափակող օրենքների նախագծերի վերաբերյալ․
«Մարդու իրավունքների պաշտպանը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը ենթարկել է ուսումնասիրության հրատապության կարգով:
Մարդու իրավունքների պաշտպանի նախնական գրավոր առաջարկություններն ու դիտողությունները մարտի 28-ին՝ շաբաթ օրը ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարություն, իսկ մանրամասները փոխանցվել են մարտի 29-ին՝ կիրակի օրը տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ:
Այդ քննարկումների ընթացքում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին վերաբերող առաջարկների և դիտողությունների մի մասն ընդունվել է: Այդուհանդերձ, նախագծի դրույթների առնչությամբ շարունակում են առկա լինել հարցադրումներ ու նկատառումներ, որոնք ունեն նաև սկզբունքային նշանակություն:
Հաշվի առնելով, որ հարցը հասկանալիորեն ձեռք է բերել հանրային մեծ հետաքրքրություն ինչպես սոցիալական մեդիայում, այնպես էլ Ազգային ժողովում քննարկումների ընթացքում և առաջացրել է մարդու իրավունքներին առնչվող մտահոգություններ՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակել իր մոտեցումներն ու առաջարկությունները նախագծով սահմանվող կարգավորումների վերաբերյալ, որոնք հիմնականում հանգում են հետևյալին.
1. Նոր կորոնավիրուսի (COVID-19) արագ տարածումը բարդ մարտահրավերներ է առաջ բերել աշխարհի, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար: Այս մարտահրավերներները բնույթով արտասովոր են, դրանք նախկինում գոյություն չեն եղել և, հետևաբար, պետությունները հաճախ առաջին անգամ են բախվում դրանց՝ չունենալով անհրաժեշտ միջոցներ ու անգամ հստակ պատկերացումներ այն մասին, թե ինչպես կանխարգելել ու արդյունավետ պայքարել վարակի տարածման դեմ:
2. Ինչպես առողջապահության, այնպես էլ տարբեր բնագավառներում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ և այլն) իրենք են նշում, որ պետությունները կանգնել են բարդությունների առաջ, որ մինչ այս վարակը չեն արձանագրվել: Այդ կազմակերպություններից յուրաքանչյուրն իր իրավասությանն առնչվող հարցերով հրապարակել է իրավիճակից թելադրվող կանոններ ու այդ նույն սկզբունքով մշակել վարակի կանխարգելման, դրա դեմ պայքարի վերաբերյալ սեփական դիրքորոշումներն ու քայլերը: Ակնհայտ է, որ վարակի առաջ բերած վտանգներն այնքան են ահագնացել, որ նույնիսկ հավակնում են փոխել համաշխարհային քաղաքականության առաջնահերթություններ:
3. Աշխարհի պետությունները ձեռնարկում են տարբեր միջոցներ (սոցիալական հեռավորության կամ հիգիենայի պահանջների ապահովում, առողջապահական համակարգի հարմարեցում իրավիճակին և այլն), որոնք ուղղված են վարակի կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին:
Եվրոպայի խորհրդի անդամ պետություններն, օրինակ, իրականացնում են միջոցառումներ, որոնք այս կամ այն չափով սահմանափակում են Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները։ Այս սահմանափակումներն ուղեկցվում են Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածով սահմանված կարգով շեղումների վերաբերյալ հայտարարություն անելով:
4. Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածումը ստեղծել է համապետական նշանակության խնդիրներ, որոնք առաջնահերթ կապված են ողջ բնակչության առողջության պաշտպանության հետ ու կարող են առաջ բերել երկրի անվտանգությանն առնչվող հարցեր: Ցավոք, մեր երկրում նոր կորոնավիրուսի տարածման պաշտոնական տվյալները վկայում են, որ այն դրսևորում է աճի և վիճակի վատթարացման միտումներ. արդեն իսկ արձանագրվում են վիրուսով երիտասարդների վարակման ու անգամ նրանց առողջական ծանր վիճակի, ինչպես նաև վարակվածների մահվան դեպքեր: Այս ամենն իր հերթին հանգեցնում է մարդկանց մեկուսացումների: Իրականացվող միջոցառումներն էլ իրենց հերթին մարդկանց համար առաջ են բերում սոցիալ-տնտեսական և այլ բնույթի սահմանափակումներ:
5. Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է, որ ստեղծված իրավիճակում ու առավել ևս հայտարարված արտակարգ դրության պայմաններում պետությանն ակնհայտորեն անհրաժեշտ են նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելման ու դրա հետագա տարածման դեմ պայքարի արդյունավետ միջոցներ: Պետությանն անհրաժեշտ են գործուն իրավական մեխանիզմներ, որոնք կոնկրետ իրավիճակներում կապահովեն անհրաժեշտ ճկունություն և արձագանքման օպերատիվություն: Ի վերջո պետության պոզիտիվ պարտավորության գաղափարն է պահանջում արագ լուծում տալու ստեղծված խնդիրներին և երաշխավորելու հանրային առողջության պաշտպանությունը:
6. Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ նկարագրված սպառնալիքները բնակչության առողջությանը, ինչպես նաև մարդու իրավունքներին և երկրի տնտեսական կյանքին ուղղված մարտահրավերները պահանջում են հասարակության համախմբում և միասնություն:
Այս բարդ իրավիճակում մեզ անհրաժեշտ է համերաշխություն ու փոխադարձ հարգանք, վստահություն մեկս մյուսի նկատմամբ: Այս գործոններն այն կարևոր գրավականներն են, որ կարող են ապահովել մեր առաջ ծառացած խնդիրներների սպառիչ լուծում միասնական ջանքերով:
Օբյեկտիվ պատճառներով առաջ եկած ու մարտահրավերներով լի այս պատասխանատու շրջափուլը հաղթահարելու համար մեզնից յուրաքանչյուրն իր առաջ կանգնած պարտականությունը պետք է կատարի լիարժեք՝ իրեն վերապահված կարգավիճակին համապատասխան:
Այս կարևոր սկզբունքները աշխատանքի այն կանոններից են, որոնցով Մարդու իրավունքների պաշտպանը ղեկավարվում է մշտապես. դրանք առավել արդիական բնույթ են ստացել Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու առաջին պահից սկսած:
7. Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման ընդունից հետո մեր երկիրը սկսել է գործադրել այնպիսի սահմանափակումներ, որի համար արել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածով սահմանված կարգով շեղումների վերաբերյալ հայտարարություն:
8. Արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո երկրում ձևավորվել է պարետատուն, որը գործում է պարետի ղեկավարությամբ:
Ողջունելի պետք է համարել այս օրերի ընթացքում կիրառված սահմանափակումների, կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնների ու մարդկանց ուղղված նախազգուշացումների մասին տեղեկությունների ու պարզաբանումների անընդհատ տարածումը պարետի ու պարետատան կողմից: Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումը վկայում է, որ պարետատունն այդ հարցում ապահովում է արագ արձագանքելիություն, ինչպես նաև իր գործունեությունը կազմակերպում է տեխնիկայի ժամանակակից միջոցների օգտագործմամբ:
9. Այս ամենն, այդուհանդերձ, չի նշանակում, թե վարակի կանխարգելման ու դրա տարածման դեմ պայքարի գործընթացները պետք է ստիպեն մոռանալ մարդու հիմնական ու այն էլ սահմանադրական իրավունքների և ազատությունների մասին:
Միջազգային իրավաբանությունն այս հարցում հստակ է. որքան էլ կարող է պետության համար մեծ լինել իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու գայթակղությունը, այդպիսի բան թույլ տալ չի կարելի:
Միջազգային կազմակերպություններն իրենք են (ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ և այլն) այս օրերին անընդհատ արձանագրում տարբեր պետությունների կողմից այս հիմնարար պահանջներն անտեսելու անթույլատրելիությունը:
Հանրային իշխանությունը պետք է միշտ հիշի, որ սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մաս):
10. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով Կառավարության կողմից առաջարկվող կարգավորումները բնույթով այնպիսին են, որ առաջացնում են անձի սահմանադրական իրավունքների սահմանափակումներ և ուղեկցվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորություններից շեղումներով:
Խոսքն այնպիսի իրավունքների մասին է, ինչպսիք են անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքները: Իհարկե, նախագծի ուսումնասիրությունը վկայում է, որ կարող է առաջ գալ նաև այլ իրավունքների սահմանափակման հարց (օրինակ՝ պետության պահանջով մեկուսացած անձի անձնական ազատության իրավունքը):
Մեր երկրի Սահմանադրությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ու Հայաստանի վավերացրած միջազգային մի շարք այլ պայմանագրեր պետությանը տալիս են առանձին իրավունքներ սահմանափակելու հնարավորություն:
11. Իրավունքների և ազատությունների սահմանափակումները, սակայն, չեն կարող թողնվել պետության հայեցողությանը, այլ պետք է համապատասխանեն Հայաստանի Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով ու միջազգային մյուս պայմանագրերով պահանջվող չափանիշներին:
Նախ, իրավունքների սահմանափակումներ կամ իրավունքներից շեղումներ հնարավոր են միայն օրենքով և կոնկրետ իրավաչափ նպատակների համար: Ընդ որում, սահմանափակումներ նախատեսող օրենքը պետք է ունենա առավելագույն հստակություն և բացառի դրա կիրառության ընթացքում կամայական մեկնաբանության կամ անորոշ ընկալման տեղիք տվող դրույթներ:
Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքներից և ազատություններից շեղումները առկա և նմանատիպ իրավիճակներում կարող են համարվել թույլատրելի, եթե դրանք խստորեն անհրաժեշտ են և բխում են իրավիճակից, ինչպես նաև չեն հանգեցնում իրավունքի կամ իշխանության չարաշահման։ Կարևոր է նաև, որպեսզի բոլոր սահմանափակումներն ունենան իրավական հիմք և համապատասխանեն վերաբերելի սահմանադրական երաշխիքներին ու պահանջներին (Mehmet Hasan Altan v Turkey, գանգատ թիվ 13237/17, 20 մարտ 2018):
Պետության հայտարարած իրավաչափ նպատակին հասնելու համար գործադրվող սահմանափակումները պետք է կիրառվեն հնարավորինս նվազագույն չափով (less restrictive), իսկ պետության կողմից ձեռնարկված միջոցառումները պետք է լինեն վերջին միջոց (last resort), առանց որի հնարավոր չէ վերահսկել իրավիճակը: Պետությունը պետք է հավաստի, որ մնացած միջոցներն արդյունավետ և բավարար չեն հանրային առողջությունը պահպանելու տեսանկյունից: Պարտադիր է նաև հստակ և կանխատեսելի իրավական հիմքի առկայությունը (օրինակ՝ Enhorn v. Sweden, գանգատ թիվ 56529/00, 25 հունվար 2005):
Սահմանափակումները պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում, լինեն համաչափ հետապնդվող նպատակին և կրեն ժամանակավոր բնույթ (Kuimov v. Russia, գանգատ թիվ 32147/04, 8 հունվար 2009):
Այս պահանջների նկատմամբ մոտեցումն ավելի խիստ է այն դեպքերի համար, երբ խոսքը ոչ թե գործունեության առանձին տեսակների կամ առանձին խումբ անձանց նկատմամբ կիրառվող, այլ համընդհանուր նշանակության սահմանափակումների մասին է (օրինակ՝ Rotaru v. Romania, գանգատ թիվ 28341/95, 4 մայիս 2000):
Պետությունը պետք է հավաստի այս բոլոր պայմանների միաժամանակյա առկայությունը:
Անհրաժեշտ է նաև ղեկավարվել այն հիմնարար սկզբունքով, թե որքանով են պետության կողմից առաջարկվող սահմանափակումները նպաստում վարակի կանխարգելմանն ու դրա տարածման դեմ պայքարին, հետևաբար՝ բնակչության առողջության պաշտպանության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության ու այլ իրավաչափ նպատակների իրականացմանը:
12. Ուսումնասիրության առարկա նախագծի կոնկրետ դրույթների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի նկատառումները ստորև ներկայացվում են՝ հենց այս չափանիշներից ելնելով:
Ընդ որում, անհրաժեշտ է նշել, որ Պաշտպանը գիտակցում է, որ նախագիծն ունի իր կարգավորման առարկան և օրենքի համար անհրաժեշտ դետալացման աստիճանը: Ուստի, բոլոր նկատառումների հիմքում դրվել է նաև այն, թե նախագծով առաջարկվող կարգավորումներն ինչ աստիճանի լուծումներ են ապահովում՝ անորոշությունները բացառելու նպատակով: Պաշտպանի կողմից յուրաքանչյուր դեպքում հաշվի է առնվել նաև այս կամ այն հարցի կարգավորման հնարավորությունը ենթաօրենսդրական ակտով:
13. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջարկում է լրացնել 9.1-րդ հոդվածով, որի 1-ին մասը սահմանում է, որ համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներն արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու պարագայում պարտավոր են այդ որոշմամբ սահմանված ձեւով եւ կարգով ու այդ որոշմամբ նշված պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց (այսուհետ. տվյալներ մշակողներ) տրամադրել նախագծով պահանջվող տվյալները:
Այս նախագծով առաջարկվող կարգավորումները ենթադրում են բարձր աստիճանի միջամտություն մարդու սահմանադրական իրավունքներին, ուստի դրանք պետք է ունենան առավելագույն հստակություն:
Մասնավորապես, անհրաժեշտ է հստակեցնել, թե որոնք են Կառավարության որոշմամբ սահմանվող պետական մարմինները, որոնց վերապավելու է նման իրավասություն: Օրենքը պետք է թվարկի նախագծով նշված հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում իրավասու մարմիններին կամ առնվազն սահմանի այդ մարմինների շրջանակը կանխորոշող չափանիշներ: Այս հարցը քննարկվող նախագծի հետ կապված՝ ունի հատուկ կարևորություն: Սրան գումարվում է նաև այն, որ ՀՀ օրենսդրությունը նման իրավիճակների համար առհասարակ իրավասու մարմինների շրջանակ կամ դրանց շրջականի որոշման չափանիշներ չի սահմանում:
Չնայած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ գործող օրենքի 4-րդ հոդվածը ֆորմալ առումով նախատեսել է, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ այլ հարցերի թվում Կառավարությունը սահմանում է նաև արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց, սա չի նշանակում, թե օրենքը կոնկրետ իրավունքների դեպքում պետք է այս հարցը թողնի Կառավարության ամբողջական հայեցողությանը: Առավել ևս, այս հարցը նախագծի ընդունման հիմնավորումներով էլ բացահայտված չէ:
14. Վերանայման կարիք ունի նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված՝ հաճախորդի հեռախոսահամարի հետ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարների, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու հետ կապված կարգավորումը:
Այս կարգավորումը գործնականում խնդիրներ կարող է առաջացնել այն տեսանկյունից, թե ինչպես է որոշվելու այն անձանց շրջանակը, ում մոտ եղել են հաճախորդի հեռախոսահամարի հետ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները: Ընդ որում, հարց է առաջանում, թե ինչ է նշանակում հաճախորդի հեռախոսահամարի հետ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամար և խոսքը միջնորդավորման մինչև որ աստիճանի մասին է, միջնորդավորման մինչև որ աստիճանն է վերահսկվելու:
Սա կարևոր նշանակություն ունի, քանի որ անմիջապես առաջ է գալու այդ անձանց իրավունքների երաշխավորման հարցը: Ինչպես է որոշվելու, ասենք, վարակված անձի շփումների շրջանակը, եթե նա այդ մասին մոտավոր է հիշում: Արդյոք նշանակում է, որ նշված բոլոր մարդիկ միանգամից վերահսկողության տակ են հայտնվելու կամ նրանց բոլորին ներկայացվելու է մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջ ու միջնորդավորման մինչև որ աստիճանին է դա վերաբերվելու (օրինակ՝ արդյոք մեկուսացման պահանջը վերաբերելու է միջնորդավորված հեռախոսահամարները տիրապետող անձանց շփման շրջանակին ևս, այդ թվում՝ ընտանիքների անդամներին):
15. Նախագծի 3-րդ մասն ամրագրում է. «Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասի հիման վրա տրամադրված տվյալները (այսուհետ՝ տվյալներ) մշակվում են, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա տրամադրված տվյալները կարող են նաև բացահայտվել երրորդ անձանց` անձանց տեղաշարժման և շփումների հնարավոր և առկա շրջանակը, տեղաշարժման և շփումների արդյունքում համաճարակի տարածման հնարավոր ուղղությունները, սխեմաները, ծավալը, աշխարհագրությունը կանխորոշելու, մշտադիտարկելու, համաճարակի տարածման օղակները, սահմանները, շրջանակները սահմանափակելու, տեղաշարժի սահմանափակման ռեժիմի ենթարկված անձանց` այդ ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը ապահովելու նպատակով՝ այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար»:
Այս դրույթը պարունակում է ՀՀ օրենսդրությամբ չբացահայտված և տարակարծիք մեկնաբանությունների տեղիք տվող ձևակերպումներ, որոնք առաջ են բերում մի շարք հարցադրումներ։ Օրինակ՝ ինչ է նշանակում «անձանց շփումների հնարավոր և առկա շրջանակ» կամ «շփումներ կամ համաճարակի տարածման ուղղություններ, սխեմաներ, ծավալ, աշխարհագրություն» և այն էլ հնարավոր:
Պետք է նկատի ունենալ, որ այս կարգավորումները դառնալու են մարդու իրավունքների նկատմամբ բարձր միջամտության ու սահմանափակումների հիմք, ուստի այս հարցում օրենքը պետք է լինի հստակ, պարունակի առնվազն կանխորոշող չափանիշներ:
Օրինակ՝ ինչ աստիճանի ինտենսիվության պետք է լինի կոնտակտը, որպեսզի կիրառվի նախագծով առաջարկվող միջամտությունն անձի հաղորդակցության ազատության և գաղտնիության կամ մասնավոր և ընտանեկան կյանքի իրավունքի նկատմամբ:
Դրանից բացի, մարտի 30-ին խորհրդարանում նախագծի քննարկման գործընթացում առաջ եկան պարզաբանման կարիք ունեցող հարցադրումներ այն մասին, թե ինչպես են հարաբերակցվում վարակի կանխարգելման նպատակը և տանից դուրս չեկող մարդու հեռախոսազանգերի վերահսկման կարգավորումը:
16. Նախագծի նույն դրույթը նախատեսում է, որ առողջապահական ոլորտի մարմինների տրամադրած համաճարակի հետևանքով հիվանդության առկայության համար ստուգված (թեստավորված), վարակակիր, հիվանդության ախտանշաններ ունեցող, հիվանդացած, բուժվող եւ հիվանդի հետ շփում ունեցած (կոնտակտավոր) անձանց, այդ թվում՝ բժշկական գաղտնիքի վերաբերյալ տվյալները կարող են նաև բացահայտվել երրորդ անձանց։
Քանի որ խոսքը վերաբերում է պաշտպանության բարձր շեմ ունեցող տվյալների (անձի մոտ վարակի առկայությանը կամ դրա առկայության վտանգին վերաբերող տվյալներ և այլն), անհրաժեշտ է հստակ սահմանել այդ տվյալներին հասանելիություն ունեցող սուբյեկտների շրջանակը և տրամադրելու [հիմնական] պայմանները։ Բացի դրանից, նախատեսված կարգավորման պարագայում հստակ չէ, թե կոնկրետ սահմանված որ նպատակին հասնելու համար և ինչ ծավալով կարող են բացահայտվել այդ տվյալները:
Առկա կարգավորման պայմաններում, որպես երաշխիք, նախագծի ձևակերպումն այն մասին, որ տվյալները տրամադրվում են այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար, կարող է չծառայել նպատակին:
17. Նախագծով առաջարկվող նոր 9.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ այդ հոդվածին համապատասխան փոխանցված կամ մշակված տվյալները ապանձնավորվում են, իսկ անձնավորված տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո. արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում եւ կարգով: Բոլոր դեպքերում անձնավորված տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո:
Կարծում ենք, սահմանափակվող իրավունքի և սահմանվող ժամկետի տեսանկւոնից մեկ ամիս ժամանակը երկար է և այն անհրաժեշտ է կրճատել:
18. Նախագծով առաջարկվող նոր 9.1-րդ հոդվածի 11-րդ մասում խոսք է գնում ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումների նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված էլեկտրոնային հաղորդակցության միջոցների և ծրագրային ապահովման (այսուհետ. էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ) օգտագործման և կիրառման միջոցով հսկողության իրականացման մասին:
Պարզ չէ՝ ինչ էլեկտրոնային հաղորդակցության միջոցների մասին է խոսքը, կոնկրետ ինչ շրջանակի անձանց նկատմամբ են այդ միջոցները կիրառվելու, նախագծով սահմանվածից առավելագույն ժամկետից զատ ինչ կոնկրետ ժամկետով են կիրառվելու ու որ մարմիններն են դրանք կիրառելու: Արդյոք այս միջոցները ենթադրում են կիրառություն այն անձանց նկատմամբ, ովքեր, օրինակ, ունեն այնպիսի բջջային հեռախոսներ, որոնք հնարավորություն չեն տալիս ներբեռնել և օգտագործել ծրագրային հավելվածներ: Մեկ այլ հարց է առաջ գալիս այն դեպքում, թե ինչ անել, եթե անձը մեկ վայրից մյուսը տեղաշարժվում է՝ իր հետ չունենալով բջջային հեռախոս: Պարզ չէ՝ նշված բոլոր դեպքերում ինչպես է լուծվելու այս անձանց պատասխանատվության հարցը:
Դրանից բացի, Նախագծով առաջարկվող նոր 9.1-րդ հոդվածի 11-րդ մասում տեղ գտած «այն անձինք, որոնց նկատմամբ արտակարգ դրության ընթացքում կիրառվել են ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ» ձևակերպումը խիստ անորոշ է: Այն հնարավորություն չի տալիս պատկերացում կազմելու, թե կոնկրետ ում համար են նախատեսվող հավելվածները պարտադիր։
19. Նախագծի հետ կապված նաև առկա են մի շարք ընդհանուր բնույթի, սակայն կոնկրետ նկատառումներ:
Նախագծից հստակ չէ, թե տվյալների մշակման արդյունքում վարակակիր անձին կամ նրա շփումների շրջանակը պարզելուց հետո ինչ գործողություններ են իրականացվելու։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է հավանական վարակակիր կամ վարակման հարցում կասկածելի անձի իրավունքները սահմանափակող միջոցներին։
Նախագծով նախատեսված չէ նաև կարգավորում այն մասին, թե պետության կողմից կիրառվող սահմանափակումներին ենթարկվելուց անձի հրաժարվելու դեպքում ինչ է տեղի ունենալու: Օրինակ՝ եթե անձնական տվյալների մշակման արդյունքում անձին ներկայացվել է մեկուսացման պահանջ, ապա ով է այդ պահանջը ներկայացնում նրան և չենթարկվելու դեպքում ինչ միջոցներ են կիրառվելու: Արդյոք անձի նկատմամբ կիրառվելու է հարկադրանք (օրինակ՝ ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց) և եթե այո, ապա ով է դա անելու: Օրինակ՝ եթե մարզային բուժհաստատությունում հետազոտվելիս պարզվում է, որ անձի մոտ առկա է կորոնավիրուսային վարակ կամ կան այդպիսի վարակի նախանշաններ, արդյոք բժիշկը կարող է այդ անձին մեկուսանալու պահանջ ներկայացնել և եթե այո, ապա ինչպես է դա իրագործվելու:
Խնդիրն այն է, որ սանիտարահամաճարակային, այդ թվում՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների օրենքով ամրագրման բացակայության պայմաններում հնարավոր չէ այս հարցադրումներին պատասխանել:
Սա հատկապես կարևոր է, քանի որ հետագայում սահմանափակումները խախտելը կարող է առաջացնել անգամ քրեական պատասխանատվություն:
Նախագծով նախատեսված չէ նաև մեկուսացված անձի կողմից մեկուսացման կանոններին հետևելու վերահսկողություն իրականացնող մարմինը։
20. Նախագծի կարգավորումների հետ կապված՝ մեկ այլ ընդհանուր նկատառում է նաև վերանայումների և բողոքարկման մեխանիզմի հարցը, այդ թվում՝ կապված դատական պաշտպանության իրավունքի հետ: Օրինակ՝ եթե անձը գտնում է մեկուսացման իրեն ներկայացված պահանջն ապօրինի է, ինչպես է բողոքարկելու այն: Արդյոք կարողանալու է դիմել վարչական մարմնին, թե պետք է հարցը լուծվի դատական կարգով:
Եթե անձը ենթարկվում է մեկուսանալու պահանջին, դա նշանակում է, որ մեկուսացման պետք է ենթակա լինեն նաև իր հետ նույն բնակարանում ապրող մարդիկ և եթե վերջիններից որևէ մեկը համաձայն չէ մեկուսացման ենթարկվելուն, ապա արդյոք կարող է բողոքարկել այդ պահանջը: Այս մասին կարգավորում առկա չէ:
Նշված բոլոր դեպքերում պետք է լինեն հատուկ կարգավորումներ՝ հաշվի առնելով հրատապությունը:
21. Կարծում ենք, կարելի է դիտարկել այս բոլոր հարցերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով կարգավորելու հնարավորությունը՝ հղում անելով այդ օրենքին:
Հաշվի առնելով, որ կարող են բազմաթիվ լինել հրատապ արձագանք կամ վարույթ պահանջող դեպքերը, ապա, օրինակ, կարելի է լուծում ապահովել՝ առանձին դեպքերում հղում անելով նշված օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասին:
Նախագծով առաջարկվող կարգավորումների պարագայում ենթադրելի տարբերակներից է այն, որ վարույթն իրականացնելու է և հարկադրանքը կիրառելու է Ոստիկանությունը, սակայն այդ մասին անհրաժեշտ է նախագծում անել հատուկ նշում: Այս դեպքում հստակ կլինի, որ, ասենք, մարզային բուժհաստատության բժիշկը, ով հայտնաբերել է կորոնավիրուսով վարակված անձի, այդ մասին տեղեկացնի Ոստիկանությանը, որն էլ իր հերթին արդեն կսկի իրականացնել իր համար նախատեսված գործողությունները:
22. Ակնհայտ է, որ մեկուսացած կամ առանձին իրավիճակներում ինքնամեկուսացած անձինք համարվելու են ազատությունից զրկված: Ուստի, առաջ է գալու նրանց անձնական ազատության իրավունքի ապահովման երաշխիքների հարց:
Օրինակ՝ մեկուսացած անձի սահմանափակման ոչ ենթակա իրավունքներից պետք է լինի փաստաբանի օգնությանը դիմելու իրավունքը: Այս դեպքում ինչպես է այս իրավունքի իրականացումն ապահովվելու: Եթե քննարկում ենք, օրինակ, առցանց կամ հեռավար եղանակով փաստաբանի խորհրդատվության հնարավորության հարցը, ապա ինչպես է դա ապահովվելու այն դեպքում, երբ մարդը չունի անհրաժեշտ էլեկտրոնային սարքավորումներ: Մեկ այլ դեպքում, եթե անձը պնդում է, որ, օրինակ, մեկուսացման ժամանակ ոստիկանության ծառայողն իր նկատմամբ գործադրել է անհամաչափ ֆիզիկական ուժ կամ ենթարկել է խոշտանգման, ապա այդ դեպքում ինչպես է ապահովվելու բժշկի մուտքը մեկուսացման վայր ու առավել ևս, եթե անձը չունի իր բժիշկը և մեկուսացած է սեփական բնակարանում:
23. Նախագիծը չի անդրադառնում այն դեպքերին, երբ վարակակիր կոնտակտավորների շրջանակը բացահայտվել է ոչ հանրային ծառայությունների տրամադրած տեղեկությունների հիմքով։ Օրինակ` ինչ է լինելու ընտանիքի մյուս անդամների հետ, եթե հաստատվել է, որ ընտանիքի անդամներից մեկը վարակված է նոր տեսակի կորոնավիրուսով։ Արդյոք այդ անձը մեկուսանալու է ընտանիքից և տեղափոխվի այլ վայր։ Եթե ոչ, ապա ինչպես է վերահսկվելու ընտանիքի մյուս անդամների հետ նրա շփումը։
24. Անհրաժեշտ է լրամշակել Նախագծի ընդունման հիմնավորումներն այնպես, որ դրանք պատասխաններ ապահովեն նախագծով առաջարկվող մեխանիզմի գործադրման կամ գոնե դրա հետ կապված հիմնական հարցերին:
Հիմնավորումները պետք է լինեն հստակ՝ ամրագրելով օրենքի նախագծով նախատեսվող սահմանափակումներին կոնկրետ վերաբերող վերլուծություններ, այդ թվում՝ ելնելով միջազգային կոնկրետ փորձից ու չափանիշներից»: