Մարտից հոկտեմբեր Հայաստանում սիգի փորձարարական որս կանեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Սեւանա լճում սիգի որսի թույլատրելի քանակությունը սահմանել 200 տոննա (յուրաքանչյուրի քաշը՝ 500 գրամից ոչ պակաս), իսկ կարասինը՝ անսահմանափակ։ Այս նպատակով ՇՄՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել, որով կսահմանվի 2020 թվականի օգտագործման ենթակա չափաքանակները։

Մեզ հայտնի դարձավ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է «Սեւանա լճում եւ նրա ջրհավաք ավազանում ձկան եւ խեցգետնի պաշարների կայուն օգտագործում» պիլոտային ծրագիրը։ Այսպես, սիգ ձկնատեսակի որսը կիրականացվի Մեծ Սեւանի ամբողջ տարածքով՝ ափից առնվազն 500 մ հեռավորության վրա, իսկ կարասի որսը կիրականացվի Սեւանա լճի ողջ տարածքում։ Նշված ձկների արդյունագործական որսը պետք է իրականացվի դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ եւ ավելի):

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կարգելվի որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս եւ ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս ձկնորսական ուռկաններով (ցանցեր)։ Ավելին, իշխան եւ սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետը կսահմանվի 2020 թվականի մարտի 15-ից մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 1-ը։ Այսինքն՝ սիգի փորձարարական որսը հնարավոր է իրականացնել նշված ժամանակահատվածում։

Ի դեպ, տեղեկացնենք, որ դեկտեմբեր-հունվար ամիսներին ձկնատեսակների ձվադրման, բազմացման ժամանակահատվածն է։ Բացի այս, կարգելվի ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով Սեւանա լիճ մուտք գործել լողամիջոցների համար սահմանված մուտքի եւ ելքի տեղամասերից դուրս տարածքներից։ Սեւանա լճում ձկների արդյունագործական որսը կիրականացվի օրվա լուսային ժամերին։ Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման նպատակով տարածքը տնօրինողի կողմից իրականացվելու է Սեւանա լճում ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցների մուտքի եւ ելքի տեղամասերի ստեղծում։

Նշենք, որ որսի ժամկետների եւ չափաքանակների նկատմամբ հսկողություն պետք է իրականացվի, իսկ վերահսկող կառույցը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն է։ «Ժողովուրդ» օրաթերթը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Վարդանյանից հետաքրքրվեց՝ ունեն արդյոք աշխատանքային անհրաժեշտ ռեսուրսները կամ ՊՈԱԿ-ի տեսուչների քանակը բավարարում է այս գործընթացը վերահսկելու համար. «Երբ որսի կարգը ներկայացվել է, քննարկվել է նաեւ այդ ամեն ինչը, հաշվի է առնվել ամեն բան, մենք բավականին թվով տեսուչներ ունենք, որոնք կարող են անաչառ ստուգել, վերահսկել այդ գործընթացը»։

Ի դեպ, այս ընթացքում լուրեր են շրջանառվում նաեւ այն մասին, որ 200 տոննա փորձարարական որսը նախատեսված է ոչ թե ձկնորսների, այլ «Սեւանի Իշխան» ընկերության համար։ Սակայն այս տեղեկությունը լսելուց հետո ՊՈԱԿ-ի տնօրենն անմիջապես արձագանքեց. «Ոչ , նման բան չկա։ Այդ փորձարարական որսը նախատեսված է ձկնորսների համար»։

Բայց, մյուս կողմից, մեկ այլ տեսակետ է շրջանառվում նաեւ այն մասին, որ նշված ընկերությունը հնարավոր է ձկնորսներին գրանցի եւ այդպես մասնակցի պիլոտային այս ծրագրին։ Սակայն ՊՈԱԿ-ի տնօրենը վստահեցրեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Դե ինչ, մեզ մնում է հուսալ, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը կկարողանա պատվով դուրս գալ այս հարցում եւ թույլ չի տա ձկնորսներին գերորս իրականացնել՝ վտանգելով արդեն եղած ձկնային պաշարները, ինչպես եղավ վերջին տարիներին, եւ գերորսի հետեւանքով խեցգետնի պաշարները զգալի պակասեցին։

Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ Սեւանա լճում արդյունագործական նպատակներով ձկան եւ խեցգետնի որս իրականացնել ցանկացողները լիազոր մարմին են ներկայացնում պայմանագիր կնքելու մասին հայտ՝ նշելով՝ հայտատուի անձնական տվյալները, ձկան եւ խեցգետնի տեսակը, չափաքանակը, օգտագործման ենթակա տարածքը, օգտագործման ժամանակահատվածը, որսամիջոցները, ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցի տեսակը եւ նկարագիրը, ձկնորսների քանակը եւ անձնագրային տվյալները։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս