ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մինչեւ ապրիլի 5-ը սահմանափակումներ են կիրառվել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ բացառությամբ Ֆանտան բնակավայրի։
Պարետ որոշումը ներկայացնում ենք ստորեւ.
«1) ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում բացառությամբ Ֆանտան բնակավայրի կիրառել հետեւյալ սահմանափակումները
Ա) Համայնքի (բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի) վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման.
Բ) Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Չարենցավան համայնք (բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի) մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչեւ 2020 թվականի մարտի 31-ը ժամը 24։00-ն, Չարենցավան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը.
Գ) Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր եւ զննման կետեր՝ Չարենցավան համայնքի (բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի) վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով։
2) ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը։
3) Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 31-ից՝ ժամը 18։00-ին եւ գործում է մինչեւ 2020 թվականի ապրիլի 5-ը՝ ժամը 23։59-ը»,- նշված է պարետի որոշման մեջ։
Հ.Գ. Պարետ Տիգրան Ավինյանի կողմից Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված այս որոշումը քիչ անց կառավարության կայքից հեռացվել է: