Քաղաքացու՝ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու մասին հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու մասին հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել․

«Նախօրեին տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում ֆիքսվել են քաղաքացու նկատմամբ ոստիկանության գործողություններում ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ ՀՔԾ:

Նաև նշված քաղաքացուց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով կասկածյալ Տ. Կարապետյանից էր հաղորդում ստացվել ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություններ կատարելու վերաբերյալ, որը նույն գրությամբ ևս ուղարկվել էր ՀՀ ՀՔԾ:

Նույն դեպքի առնչությամբ Տ. Կարապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև ՀՀ ՀՔԾ-ին:

Դրանց հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ:

Քրեական գործի շրջանակներում կձեռնարկվեն բոլոր միջոցները՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու դեպքի իրական և ամբողջական հանգամանքները»:

Մարտի 27-ի գիշերը, Հարավ-Արեւմտյան թաղամասի «Երեւան-Սիթի» սուպերմարկետի մոտակայքում զարհուրելի միջադեպ է տեղի ունեցել. ոստիկանները դաժանաբար ծեծել են, ապա ստորացնելով ու բռնություն գործադրելով բերման են ենթարկել Մալաթիայի ոստիկանության բաժին նույն թաղամասի բնակիչ 28-ամյա Տիգրան Կարապետյանին:




Լրահոս