Երեկ Արցախում տեղի ունեցավ համապետական ընտրություններ։ Գիշերվա նախնական տվյալներով՝ առաջատարն էր Արայիկ Հարությունյանը, սակայն դեռ պաշտոնական թվերը հայտնի չեն։
Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ սոցցանցի իր էջում գրում է, որ Արցախում ընտրություններն անցկացվել են առողջ և մրցակցային պայմաններում․
«Առողջ և մրցակցային պայմաններում համապետական ընտրություններ ունեցանք, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։ Ժամեր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի նախնական արդյունքները, ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Սպասենք պաշտոնական տեղեկատվությանը»։
Հիշեցնենք, որ Արցախում Արցախի նախագահի եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 76 471 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 72,7 տոկոսը: