Համաձայն fenixpress և infoteka24.ru լրատվական կայքերի տարածած տեղեկատվության, Ադրբեջանի իշխանությունները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, Ադրբեջանի խոշոր քաղաքներում առկա վարակակիրներին, այդ թվում արտերկրից ժամանած իրենց քաղաքացիներին, տեղափոխում են երկրի այն հատվածները, որտեղ հիմնականում բնակվում են լեզգիններ, թաթեր, թալիշներ և այլազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Համացանցում ակտիվորեն տարածվում են համաճարակի պատճառով տարհանվածների թալիշաբնակ Լենքորան, Ջալիլաբադ և Մասալա ժամանելու տեսագրությունը, ինչն էլ իր հերթին թալիշների շրջանում առաջացնում է զայրույթ ու խուճապ: Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները համացանցում գրած մեկնաբանություններում հայտարարում են, որ Ադրբեջանի իշխանություններն այսկերպ իրականացնում են տարածաշրջանի էթնիկ ժողովրդներին բնաջնջելու գործողություններ:
Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մտահոգությունը հաստատում է նաև այն փաստը, որ պաշտոնական Բաքուն արտերկրից Ադրբեջանի քաղաքացիների մուտքն Ադրբեջանի տարածք իրականացրել է հենց Լենքորանի օդանավակայանով, այլ ոչ թե Բաքվի, Գյանջայի կամ էլ Նախիջևանի օդանավակայաններով:
Թալիշները վստահեցնում են, որ ի տարբերություն թուրքական ազդեցության տակ գտնվող ադրբեջանցիների, նրանք պատմականորեն իրենց ինքնության պահպանման հարցում միշտ ապավինել են Ռուսաստանի Դաշնության աջակցությանը։ Նաև այդ պատճառով է, որ թալիշների վրա հիմա «թափվել է Ալիևի զայրույթը»։