Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, մարտի 22-ին Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն, COVID 19 հարցերով Իսրայելի համակարգող, դոկտոր Աշեր Շալմոնի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դոկտոր Շալմոնը մանրամասն ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հաղթահարման ուղղությամբ Իսրայելում ձեռնարկված քայլերը։
Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից Հայաստանին հնարավոր օգնության ցուցաբերման հարցը, հստակեցվել են Հայաստանի կարիքները։
Նախագահ Սարգսյանը և դոկտոր Շալմոնը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին Հայաստանի և Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով՝ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունների հստակեցման և գործնական քայլերի ձեռնարկման նպատակով։
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում բժշկական ինժեներիայի զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին և այս ոլորտում Իսրայելի հետ հնարավոր համագործակցությանը։ Իսրայելն ունի ժամանակակից բժշկություն և զարգացած առողջապահական համակարգ, որը ուսանելի կարող է լինել Հայաստանի համար:
Օրեր առաջ Հայաստանի և Իսրայելի նախագահների հեռախոսազրույցից հետո նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ զրույց էր տեղի ունեցել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և COVID 19 հարցերով Իսրայելի համակարգող, դոկտոր Աշեր Շալմոնի միջև: Նրանք ներկայացրել էին կորոնավիրուսի դեմ պայքարի՝ երկու երկրների փորձը և պայմանավորվել շարունակել մասնագիտական շփումները: Կորոնավիրուսի դեմ պայքարի Իսրայելի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար: