Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի եւ «Տրանսգազ» ընկերության կողմից սակագների վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է ուղարկվել։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված հայտի՝ ընկերությունը նախատեսում է բնական գազի գինը ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին վաճառվող տարեկան մինչեւ 600 խմ բնական գազի համար յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը՝ 100 000 դրամ, սահմանել 135 909.6 դրամ:
Այսինքն՝ այն տարեկան մինչեւ 600 խմ սպառում ունեցող բնակչության համար կբարձրանա 36 տոկոսով։ Օրինակ, ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը 139 հազար դրամ է, բայց ընկերությունն առաջարկում է նվազեցնել՝ հասցնելով 135 հազար 909.6 դրամի։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս խմբում են ներառված խոշոր սպառողները՝ ԱԳԼՃԿ-ները, ջերմոցային տնտեսությունները, վերամշակող կազմակերպությունները։ Բայց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ, հակառակը, խոշոր սպառողների համար «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է ոչ թե նվազեցնել գինը, այլ բարձրացնել։
«Այսօրվա գործող սակագներով ունենք հինգ սպառողական խումբ։ Այդ հինգ սպառողական խմբերից առաջինը սոցիալապես անապահովներն են, երկրորդը՝ գյուղոլորտի վերամշակող կազմակերպությունները, երրորդը՝ ջերմոցային տնտեսությունները, չորրոդը՝ մինչեւ 10 հազար խմ սպառողներն են, այդ թվում՝ բնակչությունը, բացի սոցիալապես անապահովներից եւ վերջին խումբը խոշորներն են՝ ամսական 10 հազար խմ սպառում ունեցողները։ Այս հինգի համար տարբեր գներ կան սահմանած․ սոցիալապես անապահովների համար տարեկան մինչեւ 600 խմ սպառման դեպքում գործող սակագինը մեկ խմ-ն 100 դրամ է, վերամշակող կազմակերպությունների, ջերմոցային տնտեսությունների համար 1000 խմ-ն 212 դոլարին համարժեք դրամ է։ Այն բնակիչները, որոնք ամսական մինչեւ 10 հազար խմ սպառում ունեն, մեկ խմ-ն 139 դրամ է, եւ այն խոշորների համար, որ 10 հազար խմ-ից ավելի էր ամսական սպառումը, իրենց համար 242.1 դոլար է 1000 խմ»,- տեղեկացրեց Աշոտ Ուլիխանյանը։
Մասնագետի խոսքով՝ առաջարկվում է թանկացում խոշոր սպառողների՝ վերամշակողների եւ ջերմոցային տնտեսությունների եւ սոցիալապես անապահովների՝ տարեկան մինչեւ 600 խմ համար։ Իսկ, ահա, բնակչության այն հատվածի համար, որը ներառված չէ սոցիալապես անապահով խմբում եւ ամսական սպառում է մինչեւ 10 հազար խմ գազ, հակառակը, առաջարկվում է գինը նվազեցնել․ այս դեպքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկում է 139 դրամից այն նվազեցնել՝ հասցնելով 135.9 դրամի մեկ խմ-ի դիմաց։ Ի դեպ, վերամշակող կազմակերպություններին եւ ջերմոցային տնտեսություններին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի յուրաքանչյուր ամսվա գործող սակագինը 212 դոլար է, բայց ընկերությունն առաջարկում է այն սահմանել 283.14 դոլար։ Նաեւ ամսական 10 հազար խորանարդ մետր եւ ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի յուրաքանչյուր ամսվա գործող սակագինը՝ 242.1 դոլարը, ընկերությունն առաջարկում է սահմանել 283.14 դոլար։
«Այդ հինգ խմբերը տարանջատվել է, եւ իրենց համար տարբերակված սակագներ է կիրառվել, բայց հիմա «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է մեկ միասնական գին կիրառել։ Այսինքն՝ ըստ ընկերության հայտարարության՝ առաջարկվում է միասնական գին սահմանել, որը կլինի այդ 283 դոլարը կամ 139.5 դրամը։
Ընդհանուր վերցրած աճ է տեղի ունենում, որովհետեւ այսօրվա գործող սակագներով բոլոր սպառողների համար միջին կշռութային գինը դա 255 դոլար է, այսինքն՝ ընկերությունն առաջարկում է այդ 255 դոլարը սահմանել 283 դոլար։ Բայց եթե մենք նայենք ըստ խմբերի եւ տարանջատումն ըստ ընկերության առաջարկի չանենք, կստացվի, որ մեկի համար շատ է բարձրանալու, մյուսի համար՝ քիչ, իսկ մեկ այլ խմբի համար կարող է իջնել։ Բայց այս առաջարկը դեռ պետք է քննարկվի բոլոր շահագրգիռ կողմերի հետ ու քննարկումների արդյունքում պետք է որոշվի՝ կիրառում ենք, թե ոչ, կամ գործողը թողնում ենք նույնը, թե ինչ-որ բան ենք փոխում»,- պարզաբանեց ՀԾԿՀ պաշտոնյան։
Սյունէ Համբարձումյան