4 տարի առաջ այս օրը սկսվեց ապրիլյան պատերազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։

Ապրիլի 2-ի ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների եւ հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց հայկական պաշտոնական աղբյուրները հայտնել են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին:

Նույն օրը Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետեւանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոց:

Արդեն կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Լեւոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, եւ ադրբեջանական կողմը կորուստներ է տվելԼ

Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների եւ զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։ Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները եւ Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը:

Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարեւոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ եւ հետեւակի մարտական մեկ մեքենա:

Ապրիլի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։

Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով:

Ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա եւ մարտական անօդաչու թռչող սարքեր։ Հայկական զինված ուժերի այ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ։ Ավտոբուսի մեջ են եղել նաեւ երկու գյուղապետ:

Ապրիլի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները:




Լրահոս