Արցախը գնաց նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ճանապարհով։ Ըստ այդմ, նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանը ստացել էր 36,076 ձայն կամ 49,26 տոկոս, Մասիս Մայիլյանը՝ 19, 360 ձայն կամ 26,4 տոկոս։ Այս երկու թեկնածուներին հաջորդում էր «Արդարություն» կուսակցության նախագահ Վիտալի Բալասանյանը՝ 10 755 ձայն կամ 14,7 տոկոս: Այսինքն` ինչպես եւ կանխատեսվում էր, մրցակությունը այս երեք թեկնածուների մեջ էր, թեեւ առաջադրվել էին 14 թեկնածուներ:
Սակայն խոսենք ավելի պարզ՝ թվերի լեզվով․ խորհրդարանական ընտրություններում Սամվել Բաբայանի գլխավորած ուժը ստացել է 17365 ձայն, Մայիլյանի գլխավորած դաշինքը՝ 3305 ձայն։ Եվ այս երկու թվերը միասին մի փոքր ավելի է ստացվում այն արդյունքից, որը հավաքել է Մայիլյանը՝ որպես նախագահի թեկնածու։ Ստացվում է՝ Մայիլյանն ինքը ունի ընդամենը 3305 կամ դրանից մի փոքր ավելի ձայներ, իսկ մնացած մասը նա ստացել է հենց Սամվել Բաբայանի շնորհիվ, եւ սա արդեն անհերքելի փաստ է:
Իսկ ինչ պատկեր է եղել նախորդ տարիներին․ Մասիս Մայիլյանը նախագահական ընտրությունների պայքարին մասնակցել է նաեւ 2007 թվականին եւ ստացել 8734 ձայն, կամ 12,53 տոկոս։ Նա կրկին երկրորդն էր, իսկ Բակո Սահակյանն այդ տարի նախագահ դարձավ 59326 ձայնով կամ 85,12 տոկոսով։ Իսկ ահա Վիտալի Բալասանյանը նախագահական ընտրություններին կրկին Բակո Սահակյանի հետ մասնակցել էր 2012 թվականին։ Նա ստացել էր 22967 ձայն (32,5 տոկոս), իսկ Բակո Սահակյանը՝ 47095 ձայն (66,7 տոկոս)։ Այսինքն Վիտալի Բալասանյանի ձայները նվազել են, իսկ Մայիլյանինը ավելացել, սակայն ինչպես նկատեցինք՝ Սամվել Բաբայանի շնորհիվ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան