Արայիկ Հարությունյանը քարոզարշավ չի անի. սպասումները մեծ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 31-ին Արցախում կայացած նախագահի ընտրությունը դեռեւս հանգուցալուծում չի ստացել, քանի որ, ինչպես եւ կանխատեսվում էր, ապրիլի 14-ին պետք է տեղի ունենա նախագահի ընտրության երկրորդ փուլը: Սպասվում է, որ առաջիկա տասը օրերը եւս Արցախում լարված կլինեն:

Ինչպես հայտնի է, նախագահի աթոռի համար պետք է պայքարեն երկու թեկնածուներ՝ Արցախի նախկին փոխվարչապետ Արայիկ Հարությունյանը եւ ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայլիյանը: Արցախի մեր աղբյուրները փոխանցում են, որ երկու կողմն էլ հստակ գիտի, որ պետք է նախ ամեն ինչ անեն, որպեսզի կրկին ապահովեն ընտրողների մասնակցությունը, իսկ երկրորդն էլ՝ ամեն գնով հավաքնեն այն ձայները, որը թույլ կտա նախագահել Արցախը:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը ընտրությունների ժամանակ ստացել է 36,076 ձայն կամ 49,26 տոկոս, Մասիս Մայիլյանը` 19, 360 ձայն կամ 26,4 տոկոս։ Ակնհայտ է, որ Մայիլյանը բավականին հետ է իր ստացած ձայներով, եթե, իհարկե, համարենք, որ դրանք իրապես իր ձայներն են: Բանն այն է, որ, ըստ ամենատարբեր վերլուծությունների, դրանք Սամվել Բաբայանի ձայներն են, քանի որ Մայիլյանի գլխավորած դաշինքը անգամ խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ թվով ձայներ չհավաքեց:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանի հետ` պարզելու համար, թե, նախ, ինչ քարոզչություն է իրականացնելու այս ժամանակահատվածում ու արդյոք կարծում է, որ ապրիլին կայանալիք ընտրություններում ինքն արդեն հաղթողի կարգավիճակում է լինելու:
Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ, որը Արցախի համապետական ընտրության օրը դիտորդական առաքելություն էր իրականացնում:

ԼՂՀ նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյան

-Պարո՛ն Հարությունյան, Արցախի նախագահի ընտրությունների արդյունքներն արդեն պարզ են, պետք է կայանա ընտրությունների երկրորդ փուլ, որի ժամանակ էլ արդեն պարզ կլինի, թե ով է նախագահելու Արցախը: Մինչեւ ապրիլի 14-ը կայանալիք նախագահի ընտրությունները ի՞նչ քարոզչություն եք իրականացնելու, արդյոք կարիք կա՞ կրկին քարոզ անելու:

-Անկեղծ ասած, քարոզարշավ չենք իրականացնելու՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման վտանգի հետ: Մենք որոշում ունենք, որ հանդիպումներ չենք անելու այս ժամանակահատվածում:

-Այն արդյունքը, որն ունեցաք ընտրությունների օրը, Ձեզ համար սպասելի՞ էր, թե՞ այլ արդյունքի էիք սպասում:

-Ավելին էինք սպասում, բայց ոչինչ, այնպես չէ, որ սպասվածը պետք է միշտ լինի:

-Իսկ ի՞նչն էր պատճառը, գուցե բնակչության մասնակցության թիվն էր քիչ, պատճառը Ձեզ համար հայտնի է՞, թե ինչու սպասված արդյունքը չեղավ:

-Չէ, մասնակցությունը բարձր է եղել: Չեմ կարող ասել, որովհետեւ ընտրությունների ժամանակ միշտ էլ այդպես է լինում, միշտ ավելի շատ ենք սպասում, այլ բան է լինում: Բայց կարող եմ հստակ ասել, որ գոհ ենք, շատ գոհ ենք արդյունքներից:

-Ըստ Ձեզ՝ նախագահի ընտրությունների երկրորդ փուլը ավելի լարվա՞ծ է լինելու. տեղեկություններ կան, որ հուժկու պայքար է սպասվում:

-Չէ, չեմ կարծում, քարոզչություն չենք անելու, կրկնում եմ, կորոնավիրոսի հետ կապված: Մենք այս ընթացում կազմակերպչական հարցեր ենք իրականացնելու, շտաբներում ենք մեր անելիքներն իրականացնելու, այսինքն՝ գնալ քարոզչություն անել դա չենք անելու: Շատ հանդարտ, հանգիստ վիճակ, անհանգստանալու որեւէ բան չկա: Եղել են տարածքներ, որտեղ չեմ կարողացել քարոզչության ժամանակահատվածում լինել, բայց այս ընթացքում էլ չեմ կարողանա գնալ՝ կորոնավիրուսով պայմանավորված:

-Պարո՛ն Հարությունյան, կարո՞ղ ենք վստահ ասել, որ երկրորդ փուլում եւս Ձեր հաղթանակը ապահովված է, ու Դուք արդեն Արցախի նախագահն եք:

-Չեմ սիրում այդպիսի հայտարարություններ անել: Պետք է սպասենք ընտրությանը, ամեն ինչ կասի արցախցին՝ իր ընտրությունը կատարելով:
Այս պահին այլ բան ասելը ուղղակի ավելորդություն է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս