Գազի գինը կբարձրանա՞, թե՞ կիջնի․ Գևորգ Պապոյանը՝ ՌԴ հետ բանակցությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնական գազի միջազգային գնի անկումը շարունակվում է: Միջազգային և ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ռուսական գազը եվրոպական շուկայում այնքան է էժանացել, որ այն հավասարվել, իսկ որոշ դեպքերում ավելի էժան է Ռուսաստանի ներքին շուկայի գներից, իսկ այս պայմաններում Ռուսաստանի համար աննպատակահարմար է գազ վաճառել եվրոպական շուկայում:

Այս պահին ռուսական գազը եվրոպական շուկայում արժե 75-80 դոլար հազար խորանարդ մետրի համար: Մինչդեռ Ռուսաստանը շարունակում է Հայաստանին գազը վաճառել 165 դոլարով, իսկ «Գազպրոմ Արմենիան» պատրաստվում է էականորեն ավելացնել գազի սակագները:

Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ։

«Այս պահին բանակցություններ են ընթանում, որի արդյունքում չգիտենք՝ գազի գինը կբարձրանա, թե կիջնի։ Ես կարծում եմ՝ այս համաճարակի բռնկման պահին, երբ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի վարակի դեմ , հայտ ներկայացնել գազի գնի բարձրացման այնքնան էլ պատեհ չէր»,-նշեց նա։

Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս պահին զուգահեռ գործընթացներ են գնում։

«Մենք զուգահեռ դիմել ենք «Գազպրոմին» գազի սակագնի իջեցման համար։ Ինչպես գիտենք վարչապետն ու Բելառուսիայի նախագահը այս հարցի շուրջ համատեղ քննարկումներ են ունեցել, այսօր աշխարհում գազի գնի անկումններ են տեղի ունենում, հետևաբար, ենթադրելի է, որ դա պետք է վերաբերվի նաև Հայաստանի և Բելառուսիայի հանրապետություններին»,-հավելեց «Իմ քայլական» պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս