
«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կկատարվեն։ Ասել է թե՝ ֆինանսների նախարարությունը մտադիր է կարգավորել ՀՀ խաղային գործի բնագավառը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը խաղասրահ մուտք գործել եւ ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու կարգը հաստատելու մասին նախագիծ է մշակել եւ շրջանառության դրել։
Ըստ որի՝ այսուհետ կազմակերպիչը պարտավոր է լիազոր մարմնի սահմանած կարգով ստուգել խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ։
Այսինքն, կբացառվի վիճակախաղի դեպքում 18 տարին, իսկ տատալիզատորի՝ 21 տարին չլրացած անձանց մուտքը խաղասրահներ։ Տեղեկացնենք, որ օրենքով արգելվում է մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու մասնակցությունը տոտալիզատորին, որոնց վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը։
Ս․Հ․