Ինչպես արդեն հայտնել ենք՝ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել: Մեզ հայտնի է դարձել, որ նա 2002թ․-ից մինչ օրս, զբաղեցնելով Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, լիազորված լինելով իրականացնել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, խմբային շահերից ելնելով և իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ կատարել է մի շարք գործողություններ, որով Արագածավան համայնքին պատճառել է էական վնաս։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Արագածավանի համայնքի ղեկվար Անդրանիկ Պապիկյանի հետ, պարզելու համար՝ արդյոք ընդունում է իրեն առաջադրված մեղադրանք, թե ոչ։
«Ես ոչ մի չարաշահում թույլ չեմ տվել, սոցիալական օգնություն ենք բաժանել, հետո պարզվեց այդքան բաժանելու իրավունք չունենք․․․․ դա անցած գնացած պատմություն է։ Գործը կարճվել, վերջացել է, իմ հետ խնդիր չկա, թազա բաներ մի մոգոնեք»,-նշեց համայնքի ղեկավարը հրաժարվելով պատասխանել մեր մյուս հարցերին։
Նշենք, որ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:
Լիդա Եղիազարյան