Ինչպես արդեն հայտնել ենք, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է ահազանգել «Արմավիր»քրեակատարողական հիմնարկի կալանավոր Համլետ Ռաֆիկի Ղազարյանը եւ լացակումած ներկայացրել , որ 8 ամիս է , ինչ ահազանգում է, խնդրում է ՝ օգնեն իրեն : Մասնավորապես, վերջինս հայտնեց .
«8 ամիս է գոռում-գոչում եմ, որ առողջական խնդիրներ ունեմ, է այդ մասին բարձրաձայնում եմ քրեակատորաղական հիմնարկի ղեկավարությանը: Անգամ մարտի 24-ին, այլ ելք չունենալով, ինքնավնասման գնացի՝ երակներս կտրեցի , բայց ոչ մեկ բանի տեղ չդրեց : Խնդրում եմ օգնեք, դիմում եմ գրել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, եթե ականջալուր չլինեն իմ առողջական վիճակին, ինքնասպանության կդիմեմ : Ոչ մի ձեւ իմ դիմումին չեն արձագանքում։ Խնդրում եմ, մարդ եմ , հիվանդ եմ , շատ առողջական խնդիրներ ունեմ» :
Ի պատասխան մեր հրապարակման Արդարադատության նախարարությունից հայտնում են.
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Համլետ Ռաֆիկի Ղազարյանին բազմիցս ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Մասնավորապես նշենք վերջին մի քանի ամիսների ընթացքում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված աշխատանքների մասին:
02.08.2019թ-ին Համլետ Ղազարյանը հետազոտվել է «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»-ում: ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն»ՊՈԱԿ-ը 25.10.2019թ-ին տրամադրել է թույլտվություն կալանավորված անձին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ տեղափոխելու համար: 24.12.2019թ-ին դիմել է բուժմաս գանգատվելով ընդհանուր թուլությունից, հազից, խորխաբերությունից, որի կապակցությամբ 25.12.2019թ-ին տեղափոխվել է «Էջմիածին» ԲԿ թոքերի ռենտգեն հետազոտության նպատակով: Կատարվել է սոնոգրաֆիկ հետազոտություն իր խնդրանքով: Կալանավորված անձը զննվել է նաև թոքախտաբանի կողմից:
ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը 2020թ-ի փետրվարին տրամադրել է թույլտվություն Համլետ Ղազարյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ տեղափոխելու համար, որից վերջինս հրաժարվել է: 05.03.2020թ-ին կատարվել է կալանավորված անձի որովայնի օրգանների ռենտգեն հետազոտություն «Էջմիածին» ԲԿ-ի պայմաններում, որի արդյունքում օտար մարմնի առկայությունը ժխտվել է: Ներկա դրությամբ, կալանավորված անձի հայտարարության քաշի անկման վերաբերյալ, կատարվում է ամենօրյա քաշի գրանցում, իր հայտարարությունը ճշտելու համար:
Մեկ շաբաթյա քաշի մոնիտորինգի արդյունքում, արձանագրվում է քաշի ավելացում 200 գրամով: Կալանավորված անձը ստանում է պահպանողական և ընդհանուր կազդուրիչ բուժում, դեղորայքային հաբերի տեսքով:
Կալանավորված անձը բանավոր կարգով դիմել է բուժմաս խնդրանքով կազմակերպել հետազոտությունը «Նորք ինֆեկցիոն կլինիկայի» պայմաններում, որը հնարավոր չէ իրականացնել հայտարարված կարանտինի պատճառով: 02.04.2020թ-ին կալանավորված անձը դիմել է հիմնարկի պետին խնդրանքով կազմակերպել հետազոտությունը հաշմանդամության կարգը վերահաստատելու համար: