Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծաքանակության պատճառով ապրիլի 6-ի թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են. այս մասին Ֆեյսբուքի էջում հաղորդագրություն է տարածել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։
«Խնդրում ենք բոլորիդ պահպանել հանգստություն, իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է։ Մեր աշխատակիցները փորձում են պատասխանել բոլոր զանգերին։
Վերջին ժամերին հեռախոսազանգերի քանակը գերազանցել է վեց հազարը։ Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:
Վայրը սահմանվում է պարետի կողմից և ենթակա չէ հրապարակման։ Շարունակում ենք իրականացնել աշխատանքներ դեպի Հայաստան երկրորդ թռիչքի իրականացման համար թույլտվություն ստանալու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։