COVID-19. Իսպանիայում մեկ օրում 5 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 138 հազար 357-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 61 հազարը: Ապաքինվել է ավելի քան 236 հազար մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 277 հազար 607 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 7 հազար 400-ը: Անցնելով Իտալիային՝ վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում հայտնվել է Իսպանիան, այստեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 124 հազար 736: Մեկ օրում 5 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Իսպանիայում մահերի ընդհանուր թիվը կազմում է 11 հազար 744:

Իտալիան վարակվածների թվով արդեն երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 119 հազար 827 է: Վարակից մահացել է 14 հազար 681 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան չորրորդ տեղում է. եվրոպական այդ երկրում 91 հազար 589 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 1 293: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 82 հազար 165 է: Մահացության ցուցանիշը 6 հազար 507 է:

Ֆրանսիային հաջորդում է Չինաստանը՝ 81 հազար 639 ընդհանուր և ընդամենը 19 նոր դեպքերով։ Վարակի ծագման այս երկրում մահացել է 3 հազար 326 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 55 հազար 743 է: Ապրիլի 4-ին երկու հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 452: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 41 հազար 903 է, Թուրքիայում՝ 20 հազար 921 է, Շվեյցարիայում՝ 20 հազար 278։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 157 դեպք կա, Ռուսաստանում` 4 հազար 731: Մեկ օրում 500-ից ավելի նոր դեպք է գրանցվել: ՌԴ-ում մահացել է 43 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։




Լրահոս