ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց գործերն ու գլխավոր դատախազի սանիկները․ հանուն սուրբ հարաբերությունների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս ամիսներ առաջ անդրադարձել էր խնամի-ծանոթ-բարեկամ պաշտոնավորներին: Նրանք ոչ միայն գործադիր-օրենսդիրում են հաստատվել, այլ պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում նաեւ իրավապահ համակարգում:

Վարչապետի խոսքերին հակառակ

Թեեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է. «Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է առաջացնում»: Ոչ միայն վարչապետը, այլ նաեւ իշխանության շատ այլ ներկայացուցիչներ էլ հայտարարել են, որ թավշյա հեղափոխությունից հետո իրենք ուշադրություն չեն դարձնում բարեկամական կապերին եւ հատկապես աշխատանքի հարցում երբեք չեն առաջնորդվում այդ կապերով:

Դեռ ամիսներ առաջ գրել էինք Գլխավոր դատախազության ծանոթբարեկամական կապերի մասին: Այստեղ տարածված բարեկամության տեսակը քավոր-սանիկությունն է, որի մասին այս տարվա մայիսի 10-ին հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` ասելով, որ դատախազական համակարգում կան մարդիկ, որոնց հետ սանիկ-քավոր հարաբերություններ ունի։ Ու պարզվում է` դատախազը կարեւորագույն գործերով հույսը դնում է հենց իր սանիկների վրա:

Ուսումնասիրելով ՀՀ-ում հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական գործերը՝ կարելի է արձանագրել, որ աղմկահարույց այդ գործերով մեղադրող դատախազները հիմնականում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկներն են կամ մտերիմները:

Խոսենք փաստերով

ՀՔԾ-ն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ նրա ընկեր գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, մեղադրում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար: Այս գործով դատախազը Արսեն Մարտիրոսյանն է, որը բավականին մտերիմ կամ, այսպես ասած, սուրբ հարաբերությունների մեջ է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Նա դատախազի սանիկն է:

Այս նույն դատախազը մեկ այլ աղմկահարույց գործով էլ է մեղադրող:

ՀՔԾ-ն արդեն դատարան է ուղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի մասով հարուցված քրեական գործը: Նրանք երկուսն էլ մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Այս գործով մեղադրողը դարձյալ դատախազ Արսեն Մարգարյանն է, որը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկն է:

2019 թվականին սեպտեմբերի 25-ին «ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի գործով մեղադրանք առաջադրեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի եւ հանցագործությունը պարտակելու համար, ՀՀ գլխավոր նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանին, ինչպես նաեւ ոստիկանության այլ պաշտոնատար անձանց: Այս գործը հսկում է դատախազ Պետրոս Պետրոսյանը, որը նաեւ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ավագ դատախազ: Դատախազությունում տարածված լուրերի համաձայն՝ նա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկն է:
Նույն Պետրոս Պետրոսյանը նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Արմեն Գեւորգյանին, Սեյրան Օհանյանին մեղադրող դատախազն է: Նրա հետ դատարանում մեղադրող դատախազներն են նաեւ Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը եւ արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կարեն Բիշարյանը, որոնք եւս դատախազի սանիկներն են:

Ի՞նչ ունենք այսօր

Ստացվում է, որ աղմկահարույց քրեական գործերով մեղադրող դատախազները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկներն են: Ու կարող է տրամաբանական հարց առաջանալ. ինչո՞ւ են այս գործերով մեղադրանքները դատարանում պաշտպանում հենց այս դատախազները: Չի բացառվում, որ այս գործերն առաջարկվել են այլ դատախազների, նրանք խնդիր են տեսել իրավական հիմնավորվածության ու ապացուցողական բազայի մեջ, դրա համար հրաժարվել են դրանք պաշտպանել դատարաններում: Ու որպեսզի խոշոր ձկների գործերը չտապալվեն, երկրի թիվ մեկ դատախազի աթոռը չերերա, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր սանիկներին է կցե լ դրանց: Հասկանալի է, որ, հանուն սուրբ հարաբերությունների, սանիկները ամեն ինչ կանեն այդ ծանր բեռը պատվով կրելու համար:

Ու, ընդհանրապես, տպավորություն է, որ ՀՀ գլխավոր դատախազը համակարգի բուգը իր ձեռքը պահելու համար ստեղծել է սանիկների բուրգ, որոնց վրա հենվելով՝ աշխատեցնում է դատախազությունը: Համակարգում շատ կարեւորագույն պաշտոնները զբաղեցնում են հենց Դավթյանի սանիկները, որոնք գլխավոր դատախազի նշանակվելուց հետո են քավոր դարձրել Դավթյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանության համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից, ի պատասխան, հայտնեցին. «Արդեն զավեշտալի է բամբասանքը որպես փաստ եւ սենսացիա ներկայացնելու էժան հնարքներով գլխավոր դատախազի հասցեին հերյուրանքներ տարածելու, նրա անձը թիրախավորելու թերթի համառ ջանքերը: Նշված դատախազներից ոչ ոք ՀՀ գլխավոր դատախազի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ չէ: Դա պարզունակ եւ հերթապահ սուտն է: Իսկ, ընդհանրապես, հրապարակային դատաքննությունները մեր հանրությանն արդեն շատ վաղուց ի ցույց են դրել, որ հատկապես կարեւորագույն, հանրային մեծ հնչեղություն ունեցող գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության, մեղադրանքի պաշտպանության իրականացումը այս կամ այն դատախազին վերապահելու հիմքում դրվում են, նախ, գործին լիարժեքորեն տիրապետելու եւ երկրորդ՝ փորձառության եւ մասնագիտական բարձր որակներ ունենալու հանգամանքները»:

Շատ կուզենայինք հավատալ պաշտոնական պատասխանին, բայց շատ բաներ խանգարում են:

Քնար Մանուկյան




Լրահոս