Կորոնավիրուսը օդակաթիլային ճանապարհով փախանցվող հիվանդություն է, որն անցնում է հազի, փռշտոցի, թքի միջոցով։ ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին և կառավարության ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումներին։
«Նման հիվանդություններ մարդկության գոյության ողջ ժամանակաշրջանում եղել են, և միջոցներ են ձեռնարկվել տարածվող վիրուսային հիվանդությունները հնարավորինս մեղմելու համար։ Մարդկությունն այսօր լավագույն փորձն ունի՝ գիտական, մասնագիտական առումով, որպեսզի այն կանխարգելի։ Այսօր աշխարհում ձեռնարկում են այն բոլոր քայլերը, որոնք մարդկային գիտելիքի շտեմարանում ֆիքսված են»,-ասաց նա։
Առողջապահության նախկին նախարարի խոսքով՝ աշխարհում գոյություն ունեն հակահամաճարակային միջոցառումների միջազգայնորեն ֆիքսված կանոններ, որին պետք է հետևեն բոլոր այն երկրները, որտեղ մեծ տարածում ունի համաճարակը։ Ըստ նրա՝ աշխարհում գոյություն ունեն հաջորդականացված քայլեր, որը մեր երկրում լավագույնս իրականաացվում է։
«Կառավարությունն այսօր իր քայլերով շատ հավասարակշռված քաղաքականություն է վարում՝ տնտեսությունն ամբողջությամբ չգահավիժելու և բնակչության առողջության խնդիրները լուծելու համար»,-նշեց նա։
Ըստ մեր զրուցակցի՝ մեր երկիրն այսօր խնդիր ունի քաղաքացիների պատասխանատվության մակարդակը բարձրացնելու մասով․
«Տեսնում ենք պաշտպանիչ ձեռնոցները ձեռքներին ծխում են , էդ նույն ձեռնոցով ամեն ինչ անում , հետո գցում են գետնին, հիմա հարց ՝ ձեռնոց կրելու իմաստը ո՞րն է։ Պետք է նախ և առաջ մեր կեցության ձևին հետևենք, պահպանենք, որպեսզի հիվանդացության ցուցանիշը կտրուկ չբարձրանա, որպեսզի հարուցիչի փոխանցումը հնարավորինս մեղմվի»։
Վերջինիս դիտարկմամբ՝ կառավարության և պարետատան կողմից վիրուսի կանխարգելման միջոցառումները համահունչ են միջազգային պրակտիկայում ընդունված քայլերին և ձևերին։
Լիդա Եղիազարյան