Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած համապետական ընտրություններից անցել է չորս օր, սակայն մինչ օրս նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանը չի շտապում հայտարարությամբ հանդես գալ՝ հետագա քայլերի մասին։ Միայն ընտրությունների հաջորդ օրը նա շնորհակալություն հայտնեց իր ընտրողներին՝ ասելով, թե քաղաքական խորհրդակցություններ է անում, սակայն մինչ օրս որեւէ որոշում առկա չէ՝ կմասնակցի ընտրությունների երկրորդ փուլին, թե ոչ։
Դրան զուգահեռ ArmLur.am-ի տեղեկություններով, երկրոր փուլ անցած «Ազատ հայրենիք»-ՔՄԴ կուսակցությունների դաշինքի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը գնում է միայնակ՝ առանց որևէ մեկի հետ դաշինք կազմելու։
Խորհրդարանական ընտրություններում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը սպասում է ընտրությունների վերջնական ամփոփմանը՝ ապրիլի 7-ին եւ հայտարարությամբ հանդես կգա միայն հաջորդ օրը։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ Անուշ Դոլուխանյանը։
Ի հերթին «Արդարություն» կուսակցության նախագահ Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել՝ ասելով, թե նրանք երկրորդ փուլում չեն սատարելու թեկնածուներից որևէ մեկին։ Թերեւս նման դիրքորոշման մասին կհայտնեն նաեւ ԱԺԿ-ն՝ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ։ Նրանք այսօր նիստ էին անցկացրել եւ ArmLur.am-ը մանրամասներ է հայտնել։ Մեր տեղեկություններով, ձեռնպահ է մնալու նաեւ ՀՅԴ-ն։
Նաիրա Հովհաննիսյան