«Այս օրերին գործող իրավական կարգավորումներն իսկապես մեծապես նպատում են, որպեսզի քաղաքացիները տանը մնան, այլապես հայերս մի այսպիսի բնավորություն ունենք՝ մտածում ենք, որ մեզ ոչինչ չի պատահի, լինի էլ՝ ջհանդամ լինի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը:
Նա նկատեց, որ կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո մարդիկ, կարծես, ավելի շատ ունեն իրար կարիքը. «Միանշանակ, կորոնավիրուսից հետո աշխարհն այլեւս նույնը չի լինելու ոչ տնտեսական, ոչ մշակութային, ոչ էլ մարդկային հարաբերությունների առումով: Եթե տարեսկզբին նախորդ տարին ամփոփելիս մտածում էի, որ ինչ-որ բաներ թերի եմ արել, հիմա, հետադարձ հայացք նետելով 2019-ին, երանի եմ տալիս շատ բաների»,-ասաց հումորիստը:
Այս շրջանում Վաչեն ստեղծագործական կյանքով չի ապրում, սակայն լիցքավորվում է, «պաշար» է հավաքում ապագա սթենդ-ափերի համար, նաեւ հասցնում է հանգստանալ, շփվել ընտանիքի անդամների հետ եւ զբաղվել իր սիրելի գործերով, այդ թվում՝ ընթերցանությամբ եւ կինոդիտմամբ:
Նա առանձնացրեց երեք սերիալ եւ երեք գիրք, որոնց հասցրել է ծանոթանալ այս օրերին: Վաչեն երկրպագուներին խորհուրդ է տալիս դիտել «Озарк», «Тьма», «Самый громкий голос» սերիալները: Իսկ գրքերից առաջարկում է ընթերցել Ուիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը», Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենությունը» եւ Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը, այսինքն մեկ ամիս ժամկետով Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրություն՝ նպատակ ունենալով հանրապետությունում խոչընդոտել նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը։ Ըստ որոշման, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, և Ավինյանի գրասենյակն էլ ապահովելու է պարետատան աշխատանքների սպասարկումը։
Աննա Բաբաջանյան